Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը … /վիդեո/
Երգահան, ճարտարապետ, փիլիսոփա … Այսօր Արթուր Մեսչյանի 65-ամյակն է:
Մեսչյանը ծնվել է 1949-ի՝ մարտի 3-ին, Երևանում: Նրա երաժշտությունը քչերին է հասանելի: Նրան հասկանալու համար խորքերը հասկանալու ունակություն է անհրաժեշտ, մտածելու, ապրելու եւ զգալու կարողություն:
Պարզ եւ բարդ, իր երաժշտության մեջ եւ խոսքում շիտակ, առանց ավելորդ պաճուճանքի, սեփական ես-ը ներկայացնելու եւ գովազդելու մոտիվացիայի: Փիլիսոփայի խորհրդածություններ մարդուց մինչեւ արարիչ:
Նա սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և արդեն իսկ դպրոցական տարիներին երաժշտություն է գրել:
Հանրահայտ դարձած “Ու՞ր էիր Աստված” երգն առաջին անգամ կատարել է դեռ իր դպրոցում:
1966 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ։ 1967թ. հիմնել է “Առաքյալներ” ռոք-խումբը:
1974թ. ընդունվել է աշխատանքի “Հայպետնախագիծ” ինստիտուտում և մասնակցել “Զվարթնոց” օդանավակայանի նախագծման աշխատանքներին։
1973 թվականին ծանոթացել է Վազգեն Առաջին Վեհափառի հետ, ով առաջարկել է Մեսչյանին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված “Ռեքվիեմ” գրել։ 1975թ. “Ռեքվիեմն” առաջին անգամ կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում:
2011 թ.-ին Մշակույթում ունեցած ներդրման համար Արթուր Մեսչյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։