02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը օլիգարխիայի հովանավոր. Ժամանակ

Պետական եկամուտների կոմիտեն ամենակոռումպացված պետական կառույցն է և դա ճշմարիտ է եղել բոլոր նախորդ իշխանությունների օրոք: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացառություն չի կազմի, ավելին՝ այն հավակնում է խփել բոլոր ռեկորդները: ՊԵԿ համակարգից գրեթե ամեն օր ստացվում են ահազանգեր այն մասին, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը աշխատանքի է ընդունում մարդկանց, որոնց համակարգը մերժել է հենց անսահման կոռումպացվածության պատճառով: Ինչպես կարող էին նրանք պահանջված լինել այսօր, երբ թվում է, թե երկրի առաջին դեմքի մակարդակով հայտարարված է պայքար կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Մենք կներկայացնենք մի քանի փաստեր, և հետո կփորձենք հասկանալ, թե ինչու է ամեն ինչ տեղի ունենում հենց այնպես, ինչպես որ կա իրականում, և ոչ թե այնպես, ինչպես փորձ է արվում ներկայացնել ֆեյսբուքյան ասուլիսների ժամանակ:

ՊԵԿ-ի մոտ կանգնած մեր աղբյուրը ահազանգում է, որ ՊԵԿ նախագաh Դավիթ Անանյանը իր խորհրդական է նշանակել Սամվել Իսախանյանին: Իսախանյանը համակարգին հայտնի է նրանով, որ 2016-17թթ. եղել է այդ շրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովսեփյանի աջ ձեռքը, զբաղեցնելով ՊԵԿ նախաբացթողումային բաժնի պետի պաշտոնը և, ըստ մեր աղբյուրի պնդման, աշխատանքից ազատվել է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման և հսկայական գումարներ պետական բյուջեից անձնական տեղափոխելու կասկածանքով: Թավշյա հեղափոխությունից հետո Իսախանյանը նախ նշանակվել է ներքին անվտանգության պետ, իսկ հետո ՊԵԿ նախագահի խորհրդական և նրա վրա է դրված մաքսային բլոկի համակարգումը: Թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն է ստացել նաև Սամվել Իսախանյանի եղբայրը՝ Կարեն Իսախանյանը, որը Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է հակակոռուպցիոն կառավարության կազմում:

Ըստ մեր աղբյուրի՝ մայիսի 21-ից ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ է նշանակվել Թելման Ասատրյանը, որը կապի և տրանսպորտի երբեմնի նախարար Գագիկ Բեգլարյանի սանիկն է, նրա հովանավորյալը: Նա նախկինում այս վարչությունում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն, բայց ներքին անվտանգության վարչության ունեցած տեղեկությունների հիման վրա, նրան ազատել են պաշտոնից: Թավշյա հեղափոխությունից հետո նշանակված ՊԵԿ նոր նախագահը նրան հետ է բերել և նշանակում ավելի բարձր պաշտոնի:

ՊԵԿ մեր աղբյուրը ասում է, որ իրենց համար անհասկանի է, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում իրենց ղեկավարը, ով է նրան նման խորհուրդներ տալիս, չէ որ առաջին հայացքից նա ինքը պետք է շահագրգռված լինի համակարգը նման մարդկանցից ազատելու հարցում: Դավիթ Անանյանը ստիպել է, որ ՊԵԿ ամբողջ աշխատակազմը, իսկ դա մոտավորապես հազար մարդ է, աշխատանքից ազատվելու դիմում գրի: Դա արվում է այսպես կոչված կառուցվածքային բարեփոխումների անվան տակ, որի վերջնաժամկետը սահմանված է օգոստոսի 22-ը:

Հենց այդ ժամանակ պարզ կդառնա, թե ովքեր են շարունակելու աշխատել, իսկ ովքեր կհեռացվեն աշխատանքից: Թերթի զրուցակիցը ասում է, որ դա կարելի կլիներ տրամաբանական համարել, թե ՊԵԿ նոր ղեկավարը իսկապես համակարգը մաքրեր նախկինում իրենց արատավորած կադրերից: Բայց երբ տեղի է ունենում ճիշտ հակառակը, նորմալ աշխատակիցների մոտ առաջանում է անհանգստություն, որ իրենք կարող են լինել համակարգային կոչվող փոփոխությունների զոհերը, քանի որ իրենք չեն տեղավորվում կոռուպցիայի և կաշառակերության խրախուսման և դրա հետևողական զարգացմանն ուղղված նոր համակարգի մեջ:

Եվ այսպիսով, մոտեցանք ամենակարևոր հարցին, ինչու է տեղի ունենում այն, ինչ կարծես թե չպետք է տեղի ունենար: Չէ որ մարդկանց մոտ կային ձևավորված ակնկալիքներ, ըստ որի՝ նոր իշխանությունը ոչ թե պետք է խրախուսեր կոռուպցիոներներին և կոռուպցիան, այլ ընդհակառակը պետք է անհաշտ պայքար սկսեր դրա դեմ: Ինչու են ՊԵԿ-ում հայտնվում մարդիկ, ովքեր կարծես թե չպետք է լինեին այնտեղ:

Պատճառը թավշյա հեղափոխության պատճառների և արդյունքների սխալ ընկալումն է: Իհարկե այն տեղի ունեցավ համաժողովրդական ընդվզման և դժգոհության ալիքի վրա, բայց այդ հեղափոխության հետևում կար նաև իշխանությունից նախկինում հեռացած կամ հեռացված մարդկանց դժգոհությունն ու ընդվզումը, ովքեր աջակցում էին հեղափոխական շարժմանը: Եվ հիմա եկել է այդ աջակցության գինը վճարելու ժամանակը:

ՊԵԿ-ը այն կառույցն է, որտեղ բոլոր օլիգարխները ուզում են ունենալ իրենց հովանավորյալներին՝ լինի դա սանիկի, թե քավորի տեսքով: Այս մարդիկ փող են աշխատում և ուզում են, որ պետությանը հարկ չվճարեն, բարձր լինեն շարքային հարկատուներից, այլապես ինչ հետաքրքրություն, թե ով է վարչապետը: Սա նոր երևույթ չէ, որովհետև ցանկացած մատուցված ծառայություն ենթադրում է փոխհատուցում, այդպես է եղել նախկինում, կլինի նաև հետայսու:

ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը այս ամենի հետ որևէ կապ չունի, այդ մարդկանց ինքը չէ, որ հետ է ընդունում աշխատանքի, նա ընդամենը կատարում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրահանգները, և այդ պատճառով նրա կադրային քաղաքականությունը ՊԵԿ աշխատակիցների համար առաջին հայացքից անտրամաբանական է թվում: Մինչդեռ տրամաբանությունը առավել քան ակնհայտ է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ