Չպետք է ողբերգությունը օգտագործել՝ սեփական բեւեռի քաղաքական խնդիրները լուծելու համար. Հ. Նաղդալյան
Շաբաթ օրը Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր առաջնորդների կողմից հնչեցին քննադատական ձեւակերպումներ՝իշխող կուսակցության եւ երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Ինչպես է դրանց վերաբերվում ՀՀԿ վերնախավը, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից.
-Ընդհանուր Ձեր տպավորությունը հանրահավաքից.
– Մարտի 1-ը բոլորիս համար ցավ է եւ հիշատակի օր, բայց ողբերգությունը օգտագործել՝ սեփական բեւեռի քաղաքական խնդիրները լուծելու եւ ընդդիմադիր հատվածին ժողովրդի կողմից հրապարակային հենարան ապահովելու համար, կարծում եմ, ոչ միայն տեղին չէր, այլեւ անընդունելի է: Նաեւ փաստը ցույց տվեց, որ որեւէ սպասելիք էլ դրանից պետք չէ ունենալ՝ հերթական հավաք, վաղուց հնչած քննադատություններ, եւ որեւէ նոր ասելիքի բացակայություն:
Այս հանրահավաքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ այլընտրանքային դիրքորոշում չկա թե՛արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ, չկա այլընտրանքային ծրագիր, ընդամենը կա ցանկություն՝ այլընտրանքի ընտրազանգվածի հաշվին գրավելու իշխանության տեղը եւ պատրաստակամություն՝ օգտագործելու երկրի եւ ժողովրդի բոլոր խնդիրները, դժվարությունները, վիշտը՝ դեպի իշխանություն իրենց ճանապարհը հարթելու համար: Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ պայքարեք ոչ թե ընդդեմ, այլ հանուն, քանզի այդ ուղին ոչ մի հանգրվանի չի հանգեցնում: