06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը ժամանակ չունի` 2018-ին սպասելու

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Նա գրել է. “Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների: Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին եւ առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ: 

Որ երկիրը ծանր վիճակում է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ակնհայտորեն, բյուրեղացել է նաեւ այն միտքը, որ այս վիճակից երկիրը անցնցում դուրս բերելու համար կա մեկ ճանապարհ` դա ժողովրդի, ակտիվ քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի եւ համատեղ ջանքերի ճանապարհն է: Նմանօրինակ մտքեր են արտահայտել նաեւ խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերի առաջնորդները:

Ավելին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն, որի գերխնդիրը ամեն գնով իշխանություն պահելը չէ, պետք է դրական գնահատի այդ ելույթները եւ առաջարկվող ուղիները, որովհետեւ դրանք ամբողջությամբ տեղավորվում են Սահմանադրության եւ ժողովրդավարության շրջանակներում եւ դրանք կարող են հանգեցնել քաղաքական այնպիսի գործընթացների, որոնք ոչ թե կխարխլեն, այլ կամրապնդեն մեր երկրի պետականության հիմքերը եւ կվերականգնեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: 

Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2017-ին եւ 2018-ին: Հայաստանը չունի ժամանակի նման շռայլություն եւ քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրսներ` սպասելու այդ ընտրություններին, հատկապես մտքում ունենալով նախորդ ընտրությունների փորձը: 

Հետեւաբար, կառավարության հրաժարականը իրոք որ այսօր այն տրամաբանական քայլն է, որը մեր հասարակությունը կարող է դնել իշխանությունների առաջ` հասնելու դրան խորհրդարանական գործընթացներով եւ կամ օրինականության շրջանակներում` հասարակության հրապարակային պահանջով: 

Բնականաբար, անհրաժեշտ է նաեւ ընդհանրական գաղափարական հենք եւ ծրագիր, որը կհանդիսանա այլընտրանք այսօրվա քաղաքականությանը եւ որը կտա մեր ժողովրդին եւ հասարակությանը հույս եւ հեռանկար երկրի ապագայի նկատմամբ: Այս հեռանկարը հնարավոր է կյանքի կոչել ոչ իշխանական ուժերի կորիզի վրա` բայց եւ լայն քաղաքացիական ու արտախորհրդարանական ուժերի ընդգրկում ունեցող կառավարության ձեւավորումով”:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ