Էլիտայի ու բնակչության շահերը
Գրող, նկարիչ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ ՌԴ միգրացիոն նոր օրենքով Ռուսաստանն ուզում է գումար վաստակել: ”Ռուսաստանում ցանկացած խնդիր կարող են փողով լուծել, այսինքն` պարտադրում են, որ իրենց հարցերն այնտեղ գումարով լուծեն ու չվերադառնան այստեղ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նկարչի խոսքով` մենք ինքներս պետք է ունենանք միջավայր, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում այլ երկրում, հասարակության համար ապրելու պայմաններ լինեն: Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ էլ ծրագիր եղավ, որով հայերին տանում էին ՌԴ ու նրանք այնտեղ բնակություն էին հաստատում: ”Մենք այն ժամանակ էլ էինք բողոքում, հիմա հակառակ պրոցեսն է ու նորից բողոքում ենք, ոնց որ անխելք մարդը, քամին էլ է ազդում, արևն էլ է ազդում, ամեն ինչն էլ ազդում է”,-ասաց Շահումյանը:
Վերջինս ընդգծեց, որ պատերամի տարիներին մարդիկ դրսից գալիս էին ու բնակվում Հայաստանում, հիմա միայն այստեղից հեռանալ են ուզում: ”Իհարկեը, կարևորը տնտեսականն է, բայց այսօր նաև բարոյական խնդիր կա, որ գնում են”,-ասաց նա` հավելելով, որ բիզնեսները կենտրոնացած են մի քանի հոգու ձեռքերում:
Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանն էլ հավելեց, որ ի սկզբանե Հայաստանի զարգացման ուղին սխալ է եղել:
”Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ էլիտայի ու բնակչության շահերը տրամագծորեն հակառակն են, երկրի իրական շահը չի համապատասխանում այն մարդկանց անձնական շահերին, հետ, ովքեր որոշումներ են կայացնում”: