06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք. Լ. Տեր-Պետրոսյան

Ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի 3-րդ և 4-րդ մասերը.

Իսկ այժմ անցնելով Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքներին, անհրաժեշտ է նախ եւ առաջ պարզել, թե ինչպիսի խնդրի առջեւ է այսօր կանգնած մեր երկիրը։ Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս, այսուհետեւ պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետեւանքների։ Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաեւ մեր դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջեւ, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի։

Այստեղից ինքնըստինքյան ծագում է հաջորդ հարցը. արդյո՞ք Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն այն իշխանությունն է, որն ի վիճակի է իրագործելու այդ դժվարին առաքելությունը։ Եթե այս հրապարակում կամ դրանից դուրս կգտնվի մեկը, որն անկեղծորեն կպատասխանի «այո՛», ես կզարմանամ։ Այսպիսի առաքելություն իրագործելու համար սարգսյանական ռեժիմին առաջին հերթին պակասում է հենց ազգային շահի գիտակցությունը։ Ազգային շահի գիտակցություն ունեցող իշխանությունն այդքան քամահրանքով չէր վերաբերվի սեփական ժողովրդին, անխնա չէր կողոպտի պետության հարստությունը, չէր դատարկի Հայաստանն ու Արցախը, բռնությամբ չէր ճզմի քաղաքացիների կամարտահայտությունը, չէր գնդակոծի ու զնդանների դատապարտի խաղաղ ցուցարարներին, կասկածի տակ չէր դնի Հայոց ցեղասպանության փաստը, շարունակ չէր ձգձգի Ղարաբաղի հարցի լուծումը եւ այլն։ Ազգային շահն ու սարգսյանական ռեժիմն, այսպիսով, միանգամայն անհամատեղելի հասկացություններ են, ինչը թերեւս Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունն է։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք գործ ունենք ոչ թե սեփական ժողովրդի նկատմամբ հոգածու եւ հարազատ իշխանության, այլ օտար նվաճողների կամ երկրին ուժով տիրացած ավազակախմբի հետ։

Այս խնդրին ես ավելի մանրամասն անդրադարձել եմ իմ վերջին հոդվածում, որի որոշ դրույթներ հարկ եմ համարում կրկին ներկայացնել ձեր ուշադրությանը. «Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ` արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետեւաբար նաեւ նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ։ Ակնհայտ է, որ այդ համբավը վերականգնելու եւ ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման եւ իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, Սերժ Սարգսյանը չի կարող որեւէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլեւս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի եւ Արցախի համար, ընդ որում` թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական, եւ թե՛ բարոյահոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջեւ. այն է` կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ` փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։ Հետեւաբար, ժամանակն է, որ նա խոհեմություն դրսեւորի եւ հրաժարական տա` ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի` որպես վստահելի եւ պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջեւ ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի» (iLur.am. 30.10.2013)։ Չմոռանամ նշել, որ քաղաքական վենդետայի պահը բացառելու համար այդ հոդվածում ես առաջարկել էի նաեւ` Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականի դեպքում Ազգային Ժողովի կողմից ընդունվելիք հատուկ օրենքով անձի եւ գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտել նրան, ինչը լավագույն լուծումը կլիներ թե՛ իր, թե՛ երկրի համար։

Իմ խորին համոզմամբ` իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է, քանի որ այսօր առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, որոնք են.

1. Իշխանությունների նկատմամբ համատարած դժգոհությունը կամ նույնիսկ ատելությունը հասել է աննախադեպ մակարդակի, ընդգրկելով հասարակության համարյա բոլոր շերտերը, ինչը վերջերս ունեցած իր հրապարակային ելույթներից մեկում ստիպված էր ակամա խոստովանել նաեւ ինքը` Սերժ Սարգսյանը, որին, ինչպես միշտ, իսկ այս պարագայում առավել եւս, չհավատալու հիմք չունենք։

2. Երկրի ներսում իշխանությունների նկատմամբ համաժողովրդական դժգոհության ալիքի մեծացմանը զուգընթաց, վերջիններս, անվստահելի ու անպատասխանատու գործընկերոջ համբավ ձեռքբերելով, կարելի է ասել, իսպառ զրկվել են նաեւ միջազգային հանրության անվերապահ աջակցությունից, որը մինչեւ վերջերս եղել է նրանց իշխանության պահպանման միակ երաշխիքը։

3. Աստիճանաբար ավելիուավելի կազմակերպված, հետեւողական ու զանգվածային բնույթ են ձեռքբերում քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք ոչ միայն թուլանալու կամ մարելու նշաններ չեն ցույց տալիս ինչպես անցյալում, այլեւ, ընդհակառակը, առավելապես ծավալվելու եւ քաղաքականանալու միտում են դրսեւորում։

4. Արդեն նշվեց, որ քաղաքական դաշտում եւ մանավանդ Ազգային Ժողովի շրջանակում սերտորեն համագործակցում եւ ընդհանուր օրակարգեր են ձեւավորում ոչիշխանական չորս խմբակցությունները, որոնց հետագա համատեղ նախաձեռնություններն ու գործողությունները կարող են երկրի ներսում շեշտակիորեն փոխել ուժերի հավասարակշռությունը, հիմք ստեղծելով Հայաստանի քաղաքական համակարգի արմատական վերափոխման համար։

5. Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաեւ պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաեւ խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)։

* * *

Ժամանակն է, հետեւապես, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետեւ այդ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա, իսկ հետին թվով մեղավորներ փնտրելու մեր ազգային ավանդույթը ոչ ոքի ցավը չի ամոքելու, որքան էլ կոլեկտիվ անպատասխանատվության դրսեւորումները, որպես կանոն, անպատիժ մնան։

Ես չեմ ուզում այս հանրահավաքում հասարակությանը խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ առաջարկել, հեռու մնալով Կոնգրեսի դաշնակից խորհրդարանական խմբակցություններին քաղաքական օրակարգ թելադրելու մտադրությունից։ Այդ քարտեզը նրանք, Կոնգրեսի խմբակցության հետ, համատեղ պետք է մշակեն, եւ կարծես-թե այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են։ Գաղտնիք չէ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը։ Վերջիններս, սակայն, կարծես թե ավելի հակված են հանգրվանային լուծման, այսինքն` նախ պարտադրել կառավարության հրաժարականը, եւ դրանից հետո միայն մտածել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին։ Հասարակության եւ քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով, Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, եւ ամենեւին չհավակնելով առաջատարի դերի, պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ Միաժամանակ հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձեւավորած որեւէ կառավարության, անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն։

Այժմ ես չեմ հայտարարում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ հանրահավաքի օրը, սպասելով այսօրվա հանրահավաքում հնչեցված պատգամներին քաղաքական մյուս ուժերի տալիք արձագանքին, ինչպես նաեւ չբացառելով, որ առաջիկայում մենք հասարակության առջեւ հանդես գանք համատեղ կազմակերպված հանրահավաքով։ Համոզված եմ, որ համարժեք արձագանքի եւ հասարակական ու քաղաքական ուժերի համախմբման պարագայում, այսօրվա հանրահավաքը կարող է լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ դառնալ` սահմանադրական ճանապարհով հանգեցնելով խաղաղ իշխանափոխության եւ բացառելով բռնության ցանկացած դրսեւորում ընդդիմության կողմից։ Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք։

Գիտեմ, որ իշխանափոխության հարցում Կոնգրեսի մոտեցումը որոշ մարդկանց կամ, այսպես կոչված, «վճռականների» մոտ դժգոհություն է առաջացնում։ Մի անգամ այդ առիթով ես հարկադրված եմ եղել ասելու հետեւյալը. «Պետք է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը։ Նա, անշուշտ, չի կարող հաշվի չնստել տարերային տրամադրությունների հետ, բայց պարտադրված չէ նաեւ դառնալու դրանց պատանդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր սեփական ծրագիրը։ Անհեթեթություն է կարծել, որ ինչ-որ մարդիկ պետք է գաղափարներ ու ծրագրեր մշակեն, իսկ ուրիշներն իրականացնեն այդ գաղափարներն ու ծրագրերը։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, իսկ մյուսը երգում է» (ԼՏՊ, «Վերադարձ», էջ 346)։ Ուստի ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու եւ մեզանից այլ բան պահանջելու իրավունք չունի։ Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն ու քաջություն ունենան եւ անձամբ իրականացնեն իրենց պահանջները։ Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք։ Եթե մեզ հետ համաձայն չեն եւ ուզում են գնալ այլ ճանապարհով, թող գնան։ Բայց եթե դա վերածվի երկիրը վտանգի ենթարկող արկածախնդրության, մենք կտանք դրա գնահատականը։ Իշխանափոխությունը լուրջ գործընթաց է, որը ոչ թե խելահեղ պոռթկում, այլ սառը հաշվարկ, իմաստություն եւ կարգապահություն է պահանջում։

Համենայն դեպս, հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա եւ հավանաբար տեղի կունենա այն ժամանակ, երբ 4 խմբակցություններն ԱԺ-ում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ