05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի. Տեր-Պետրոսյան /վիդեո/

Ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի 2-րդ հատվածը.

Մարտի 1-ի զոհերի հիշատակին մեր խորին հարգանքի եւ դառն ափսոսանքի տուրքը մատուցելուց հետո այժմ անցնենք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի համառոտակի քննությանը։ Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսի նախորդ հանրահավաքից անցել է ընդամենը 10 ամիս, բայց այդ կարճ ժամանակամիջոցում տեղի են ունեցել այնպիսի լուրջ, եթե չասենք փոթորկալից իրադարձություններ, որոնք հիմնովին փոխել են մեր երկրի մթնոլորտը։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այդ իրադարձությունների արդյունքում այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում, քան սրանից մեկ տարի առաջ։ Այս իրողությունն ընկալելու համար անհրաժեշտ է կատարել որոշ կարեւոր արձանագրումներ, որոնց մի մասը թեեւ արդեն արված է ուրիշների կողմից, բայց ամբողջականության նկատառումով դրանց կրկնությունն ավելորդ չպետք է համարել, մանավանդ այսպիսի լայն լսարանի առջեւ։ Եւ այսպես.

1. Զգալիորեն թանկացան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները (առաջինը 30, իսկ երկրորդը` 20 տոկոսով), ավելի եւս ծանրացնելով բնակչության առանց այդ էլ թշվառ վիճակը։ Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի մասնակի սուբսիդավորման մասին, ինչը, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական խաբկանք կամ մեքենայություն, քանի որ միեւնույն է, սուբսիդավորումը կատարվելու է ոչ թե նրանց գրպանի, այլ պետական բյուջեի, այսինքն կրկին ժողովրդից գանձված եկամուտների հաշվին։

2. Երեւանի քաղաքապետարանի եւ Ազգային Ժողովի մակարդակով որոշումներ կայացվեցին` համապատասխանաբար տրանսպորտի վարձավճարների բարձրացման եւ «Կուտակային կենսաթոշակային համակարգի» ներդրման վերաբերյալ։ Թեեւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ այդ որոշումների կիրառումը մասամբ եւ ժամանակավորապես կասեցվեց, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իշխանությունները հրաժարվել են իրենց մտադրությունից եւ սեփական դիրքերի ամրապնդման պարագայում չեն իրականացնի այդ մտադրությունը։

3. Ընդդիմության գրագետ քայլերի եւ համառ ջանքերի շնորհիվ բացահայտվեց Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց Հայաստանի իշխանությունների կողմից գաղտնաբար կուտակված 300 միլիոն դոլարի հասնող պարտքի խայտառակ փաստը, ավելի ճիշտ` պետական մակարդակի հանցագործությունը։ Այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը Գազպրոմին զիջեց Հայռուսգազարդի իրեն պատկանող 20% բաժնեմասը, զրկվելով երկրի գազային համակարգի վերահսկողության վերջին լծակից, ինչպես նաեւ Գազպրոմի հետ կնքեց երկարաժամկետ մի ստրկական պայմանագիր, որի նմանը թերեւս չի եղել Եւրոպական տերություններին Օսմանյան կայսրության զիջած կոնցեսիաների ժամանակներից ի վեր, որոնցով, բացի տնտեսական արտոնություններից, նաեւ էքստրատերիտորիալ իրավունք էր շնորհվում օտարերկրյա ընկերություններին։

4. Օրենսդրության կոպտագույն եւ բազմակի խախտումներով, Ազգային Ժողովի շրջանցմամբ մասնավորեցված Որոտանի կասկադը, առանց մրցույթ հայտարարելու եւ իրական արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 180 միլիոն դոլարով վաճառվեց ամերիկյան երկու ընկերությունների։ Հայաստանն այդպիսով կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն, չի կարելի կոչել։ Նորանոր հարկատեսակների, պարտադիր ապահովագրումների եւ չդադարող թանկացումների միջոցով ժողովրդի վերջին լուման կորզող իշխանությունը օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, պետության գանձարանից հափշտակեց 180 միլիոն դոլար, քանի որ այդ գումարը ոչ թե մուտքագրվել է Հայաստանի բյուջե, այլ, արդարադատության նախարարի հավաստմամբ,  իբրեւ թե, փոխանցվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» կոչվող «կոնսպիրատիվ» մի ընկերության հաշվեհամարին։ Հանցագործության աստիճանը պատկերացնելու համար ավելորդ չէ նշել, որ Հայաստանի նման երկրի համար 180 միլիոն դոլարը փոքր գումար չէ, նկատի ունենալով, որ այն կազմում է երկրի այս տարվա բյուջեի եկամտային մասի շուրջ 7%-ը։ Ի դեպ, հակառակ մամուլում հնչած որոշ պնդումների, չեմ կարծում, որ ամերիկյան ընկերություններն այս հանցագործության հետ որեւէ կապ ունեն. նրանք օրինական կարգով բանակցել են Հայաստանի կառավարության հետ եւ գումարը փոխանցել այն հաշվեհամարին, որը նրանց տրամադրվել է վերջինիս կողմից։ Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է ավելացնել, որ ամերիկյան ընկերությունների հետ կնքված գործարքն ինքնին կարող է նաեւ որոշակի դրական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար` երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու եւ այդ համակարգում ցանկալի մրցակցություն ձեւավորելու տեսակետից։ Դրանով հանդերձ, 180 միլիոն դոլարի վերադարձը պետական բյուջե պետք է դառնա հասարակության, քաղաքական ուժերի եւ խորհրդարանի կողմից գործադիր իշխանության առջեւ դրված հրամայական պահանջը։

5. Չորս տարի շարունակ Եւրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին եւ պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։ Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արեւմտամետ ու Եւրոինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր նույնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել, այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաեւ հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արեւմուտքի շռայլած գովեստներից։ Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արեւմուտքից, ապա այսուհետեւ այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարեւոր է, անշուշտ, հարցի մյուս` քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եւրոմիության եւ Ռուսաստանի միջեւ կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը։

6. Ամենամտահոգիչ խնդիրը, սակայն, շարունակում է մնալ չդադարող, կամ ավելին, արագացող արտագաղթը։ Պաշտոնական տվյալներով` 2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է եւս 31 հազար, իսկ ըստ Սերժ Սարգսյանի, հնարավոր է անգամ, 46 հազար մարդով։ Այդ տվյալները չվիճարկելու պարագայում անգամ անհնար է չսարսափել արտագաղթի չափերի ներկայացրած վտանգից։ Հետեւաբար, պետականության պահպանման եւ հզորացման տեսակետից այնքան էլ կարեւոր չէ` Հայաստանը Եւրոասոցացման համաձայնագրի, թե Մաքսային միության անդամ է դառնում։ Նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում եւ կնպաստի Հայաստանի բնակչության աճին։ Որովհետեւ քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը` մնայուն։ Հողը պատկանում է այն ժողովրդին, որը բնակվում է այդ հողի վրա։ Ուստի, ինչպես անցյալում, Հայաստանի համար այսօր չկա ավելի կենսական խնդիր, քան դեմոգրաֆիան, ինչը, սակայն, դժբախտաբար, առայժմ քչերն են գիտակցում։

Բացի, սակայն, թվարկված մտահոգիչ արձանագրումներից, վերջին շրջանում Հայաստանի ներքին կյանքում առկա են նաեւ լավատեսության հույս ներշնչող որոշ դրական տեղաշարժեր, որոնցից ես կառանձնացնեի հատկապես հետեւյալ երեքը.

1. Դրանցից առաջինը քաղաքացիական նախաձեռնությունների եւ բողոքի ցույցերի աննախադեպ ծավալումն  ու ավելի կազմակերպված եւ զանգվածային դառնալու միտումն է, ինչով աչքի են ընկնում մասնավորապես Տրանսպորտի վարձավճարների թանկացման եւ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումները։ Դրանք թե՛ որակապես, թե՛ զանգվածայնությամբ էականորեն տարբերվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական, քաղաքաշինական, իրավական զանազան խնդիրների շուրջ ձեւավորված բոլոր նախկին քաղաքացիական շարժումներից` Բուզանդի փողոց, Օտարալեզու դպրոցներ, Տաքսու վարորդներ, Ոսկերչական շուկա, Նաիրիտ գործարան, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, Թեղուտ, Ամուլսար, Թուխմանուկ, Կոմիտասի 5, Ավիացիայի ոլորտի աշխատակիցներ, Բանակում զոհված զինծառայողների հարազատներ, Ազատամարտիկների իրավունքներ եւ այլն։ Օգտվելով քաղաքացիական ակտիվության մասնատվածությունից, իշխանություններին մինչ այժմ հաջողվել է առանձին-առանձին մարել կամ ճնշել այդ շարժումների մեծ մասը, բացառությամբ թերեւս Մաշտոցի պուրակի։ Մինչդեռ Տրանսպորտի վարձավճարների թանկացման եւ Պարտադիր կուտակայինի դեմ ծավալված հզոր քաղաքացիական նախաձեռնությունների հանդիման նրանք հայտնվել են շփոթության մեջ եւ առայժմ ընկրկել` ժամանակավորապես կասեցնելով իրենց կայացրած որոշումների կիրառումը։ Այդ նախաձեռնությունների վերջնական հաջողությունը կախված է նրանց հետեւողականությունից ու հետագա ծավալումից, ինչպես նաեւ մի այլ կարեւոր հանգամանքից, որի մասին կխոսեմ քիչ հետո։

2. Դրական տեղաշարժերից հաջորդն, անշուշտ, Ազգային Ժողովի ոչիշխանական խմբակցությունների` վերջին շրջանում դրսեւորած սերտ եւ բեղմնավոր համագործակցությունն է, ինչի շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում, բառիս բուն իմաստով, հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ 1999 թվականից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված։ Առաջին անգամ ընդդիմադիր ուժերը Ազգային Ժողովի քվեարկությունների ընթացքում կարողանում են ապահովել 40-50 քվե։ Ճիշտ է, իշխող մեծամասնությանը, կոճակների օգնությամբ, առայժմ հաջողվում է խափանել ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, բայց ամեն մի այդպիսի «հաջողություն» ոչ թե ավելացնում, այլ շագրենի կաշվի էֆեկտով աստիճանաբար սպառում է այդ մեծամասնության էներգիան։ Ոչիշխանական խմբակցություններն, ուստի, վհատվելու հարկ չունեն եւ պետք է նույն թափով շարունակեն իշխանություններին ռմբակոծել իրենց օրենսդրական նախաձեռնություններով, հարցապնդումներով, արտահերթ նիստերի գումարման պահանջներով, Սահմանադրական դատարանին հասցեագրված հայցերով։ Պետք է քաջ գիտակցեն, որ, միեւնույն է, անկախ քվեարկությունների արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, մեծապես ազդում հասարակական կարծիքի վրա եւ վերջին հաշվով թուլացնում իշխանության դիրքերը` հասունացնելով այն պահը, երբ վերջինս բոլորովին մենմենակ է հայտնվելու ողջ ժողովրդի առջեւ, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում, Եգիպտոսում, իսկ օրերս նաեւ Ուկրաինայում։ Այս առիթով ամենայն անկեղծությամբ եւ առանց խանդի զգացման ուզում եմ հայտարարել, որ եթե վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքական օրակարգը ձեւավորում էր Հայ Ազգային Կոնգրեսը, ապա այսօր միանշանակորեն այդ օրակարգը ձեւավորում է Ազգային Ժողովի ոչիշխանական խմբակցությունների «հրաշալի քառյակը»։

3. Որպես կարեւորագույն դրական տեղաշարժ պետք է գնահատել նաեւ հասարակական գիտակցության մեջ քաղաքացիական եւ քաղաքական շարժումների հակադրման արհեստածին գաղափարի հաղթահարման միտումը, ինչի վառ ապացույցն են «Դեմ եմ» շարժման եւ խորհրդարանական ոչիշխանական խմբակցությունների սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների անցկացումը։ Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ հասկանալ, որ քաղաքացիականն ու քաղաքականը ոչ թե իրարամերժ, այլ միմյանց փոխլրացնող ու հզորացնող երեւույթներ են, եւ որ դրանց հակադրումը ձեռնտու է միմիայն բռնապետական ռեժիմներին։ Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, ո՛չ քաղաքական կուսակցությունները, ո՛չ էլ քաղաքացիական շարժումները որեւէ հաջողության չեն հասնի` ի մեծագույն հաճույս այդ ռեժիմների, որոնք էլ հաճախ հրահրում կամ խորացնում են քաղաքացիականի եւ քաղաքականի հակադրումը։ Ուժեղ արհմիությունների եւ անկախ դատարանների բացակայության պայմաններում քաղաքացիական կամ սոցիալական շարժումները դատապարտված են կա՛մ քաղաքականանալու, կա՛մ մարելու։ Ես ամենեւին չեմ կասկածում, որ Հայաստանում հասուն քաղաքացիական նախաձեռնություններից շուտով ծնվելու են լուրջ քաղաքական գործիչներ, ինչպես աշխարհի շատ երկրներում ծնվել են, օրինակ, բնապահպանական շարժումներից։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ