03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հասարակությունը որեւէ պարագայում չպետք է հուսաթափվի հարցի լուծման այս աններելի ձգձգումից. ելույթը` մաս 1-ին

Ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առաջին հատվածը`

”Սիրելի հայրենակիցներ,

Արդեն հինգերորդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն կրկին ստիպված ենք արձանագրելու, որ հակառակ մեր հասարակության եւ միջազգային հանրության թափած ջանքերին, այդպես էլ մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ չորս բանաձեւերի պահանջը` ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։ Գիտակցելով, որ մարտի 1-ը ոչ միայն զոհերի հարազատների անձնական, այլեւ ողջ ազգի հավաքական ողբերգությունն է, հասարակությունը որեւէ պարագայում չպետք է հուսաթափվի հարցի լուծման այս աններելի ձգձգումից, այլ ընդհակառակը, պարտավոր է լարել իր բոլոր ջանքերը` արդարադատության լիարժեք իրականացման եւ, վերջին հաշվով, պետականության վարկի վերականգնման համար։ Թող ոչ ոքի չթվա, թե մարտի 1-ի հարցը իրեն չի վերաբերում. արդարադատության չիրականացման եւ ոճրագործության անպատիժ մնալու պարագայում նմանատիպ ողբերգության կրկնությունը սպառնում է յուրաքանչյուրին։

Մարտի 1-ի պետական ոճրագործության լիակատար բացահայտումը եւ զոհերի ընտանիքների նյութական փոխհատուցումը եղել, մնում է եւ այսուհետեւ էլ մնալու է Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրային ամենագլխավոր խնդիրներից մեկը, ինչը հետեւյալ ձեւակերպումներով արձանագրված է մասնավորապես «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 2012 թվականի նախընտրական ծրագրի հիմնադրույթներում. «Ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ` 1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման եւ իրավական հետեւանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով» եւ «Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով»։

Եթե հետեւում եք Ազգային Ժողովի աշխատանքներին, ապա, կարծում եմ, կհավաստեք, որ Կոնգրեսի խմբակցությունը, հավատարիմ ծրագրային վերոհիշյալ դրույթներին, հետեւողականորեն փորձում է կյանքի կոչել դրանք։ Խորհրդարանական գործունեության շուրջ մեկուկես տարվա ընթացքում խմբակցությունը երկիցս (30.11.2012թ. եւ 24.01.2014թ.) հանդես է եկել մարտի 1-ի ոճրագործությունն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բարձրացրել է «Բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողներին փոխհատուցում տալու մասին» Եւրոպական կոնվենցիան վավերացնելու հարցը (13.10.2012թ.), ներկայումս նախապատրաստում է այդ կոնվենցիայից բխող ՀՀ օրենքի նախագիծը, որը շուտով շրջանառության մեջ կդրվի Ազգային Ժողովում, ինչպես նաեւ օրերս, արդեն ոչիշխանական մյուս խմբակցությունների հետ համատեղ, երրորդ անգամ Ազգային Ժողովի առջեւ է դրել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման պահանջը։ Խորհրդարանի շրջանակից դուրս, Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ի հարցը շարունակում է հետապնդել նաեւ միջազգային ասպարեզում, ինչի վկայությունն է, մասնավորապես, ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Մոնիթորինգի հանձնաժողովին Լեւոն Զուրաբյանի կողմից արված հետեւյալ առաջարկը. «Զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում եւ Ուկրաինայում, կմշակի նման դեպքերում միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաեւ օրենսդրական երաշխիքներ կառաջարկի` ապագայում ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը կանխելու նպատակով» (30.01.2014թ.)։

Հավաստիացնում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը լի է վճռականությամբ` մինչեւ վերջ հասցնելու մարտի 1-ի խնդիրը` դրա պարտակումը համարելով ոչ միայն սրբապղծություն զոհերի հիշատակի հանդեպ, անբարոյականություն նրանց հարազատների նկատմամբ, այլեւ պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն, որը հասարակությունն իրավունք չունի մոռանալու կամ ներելու”։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ