”Ջանները դող է ընկել”
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/images_1393588739.jpg)
ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին խորհուրդ տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին իմանալ, թե ինչ իամստով է նա իր ելույթում ասել “հոր բոստան” արտահայտությունը:
”Էն մարդիկ, որոնք մտածում են, որ մայդան պիտի լինի Հայաստանում, թող էդ մայդանը իրենց հոր բոստաններում լինի, բայց մեզ հետ երբեք չկապեք”,-ասել էր Սահակյանը: Ռուբեն Հակոբյանը միայն նշեց, որ ինքը մայդանի մասին չի երազում:
Գալուստ Սահակյանը մանրամասնեց. ”Չեն հասկացել, թող բառարանները նայեն, համ էլ ինձ հասկանալու համար շատ խորությամբ պիտի ընթերցեն, որ կարողանան վերլուծել”: Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, թե իշխանությունը չի ցանկանում ”մարտի մեկի” հանձնաժողով ստեղծել, որ չբացահայտվեն այդ դեպքերը, Սահակյանն ասաց. ”Բա ընդդիմություն են, ինչի համար են”:
Պատասխանելով Ջհանգիրյանին, ով ասել էր, թե իշխանությունը կամք ու համարձակություն չունի բացահայտելու մարտիմեկյան իրադարձությունները, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց.
”Թող լինի, որ չունենք համարձակություն, եթե դա իրենց կմխիթարի: Ջանները դող է ընկել, ընդդիմության ներկայացրած ելույթները տանում էին դրան, որ այդ հանձնաժողովը չկայանա: Կայացման համար մարդիկ փորձում են համոզել, բանակցել, խոսել, ոչ թե զրպարտել, սակայն իրենց ձեռք չի տալիս այդ հանձնաժողովը”:
Արդյոք իշխանափոխություն է անհրաժեշտ ”մարտի 1-”ը բացահայտելու համար, Սահակյանը պատասխանեց. ”96-ից հետո իշխանափոխություն եղավ, բայց չբացահայտվեցին այն ժամանակվա ոճիրները:
Իրենք հեռացան … նույնը փոխելով բան չի լինում: ՀՀՇ-ը հեռացավ, ՀԱԿ է փոխվել, որ մոռացության տա, իշխանափոխություն եղավ ու այն ժամանակվա որևէ բան չի բացահայտվել”:
Սահակյանը գիտի` բացահայտվելու են ”մարտի մեկի” իրադարձությունները: