Տղայիս ոսկորները ջարդել են հոգեբուժարանում … Մարգելաշվիլին եւ ՛՛Երեւան Սիթի՛՛-ի պահպանակի գործով անմեղսունակը
Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված էր մեկ անգամ եւս հետաձգել 29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:
Նա, ըստ մեղադրանքի, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Այս անգամ դատական նիստին չէին ներկայացել մեղադրողն ու թարգմանիչը, ինչի պարագայում նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 17-ը: Դատական նիստի ավարտից հետո Էմիլի ծնողները թույլտվություն ստացան՝ խոսելու դատավորի հետ: Նրանք Վրաստանից են, եւ խնդրեցին հնարավորության դեպքում այսուհետ չհետաձգել դատը:
“Թբիլիսիից ենք գալիս, հնարավորություն չունենք: Սոված ենք մնում, կտրում ենք մեր մյուս երեխաներից գնացքով ամեն անգամ գալիս-գնում; Ստեղ պադվալում ենք քնում, բա սա վիճակ ա՞”,-դիմեցին դատավորին՝ խնդրելով, որ փոխեն որդու բուժման ռեժիմը: Մեսրոպ Մակյանն ասաց, որ դա իր իրավասության ներքո չէ՝ բժիշկն է որոշում:
“Սուդյան ուրիշ բան ա ասում, վրաչը՝ ուրիշ: Տղայիս ծեծել են հոգեբուժարանում, ոսկորները ջարդել, բան չենք ասել, հիմա ինչ ուզում անում են”,-ասաց նրա հայրը՝ Ռոման: Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանովը պարզաբանեց, որ իր պաշտպանյալը խիստ ռեժիմի հսկողության տակ է բուժվում, քանի որ վտանգ է ներկայացնում հասարակության համար: Ծնողներն էլ բողոքում են, որ այդ ռեժիմից փոխվի սովորական բուժման ռեժիմի:
“Խաբում են, երեկ էր մեր նախագահը ստեղ, Հայստանում ասացին, որ վրացահայերին լավ նայեն…սկի ստեղ մեզ լավ չեն նայում: Մարգվեաշվիլին ինչ անի, հեսա դեսպանատուն ենք բողոքելու, արդեն 4 ամիս ա տանում բերում են՝ խաղալիք ենք, ինչ ենք”,-ասաց Ռոմա Դոխոլյանը: Ի դեպ, մոր պատմելով տղայի հոգեկան հիվանդության մասին իմացել են միջադեպից հետո:
Հ.Գ. Լուսանկարը հրապարակելու համար ունենք թե դատարանի, թե ծնողների թույլտվությունը: