Գնացեք, Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք. Մանուկյանն՝ ի պաշտպանություն ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arm139150579993_1393499786.jpg)
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՛՛մարտի մեկի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ իր ելույթը սկսեց Ալեքսանդր Արզումանյանի ելույթի մասին դիտարկումով: Դիմելով Արզումանյանին, ով ասել էր, որ բացի ՀԱԿ-ից ու ՛՛Ժառանգությունից՛՛ մյուս խմբակցությունները պատասխանատու են ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերի համար, Մանուկյանն ասաց.
”Ձեր նշած երկու խմբակցությունները երկու տարի առաջ իշխանության մեջ էին, և եթե այսօր նրանք իշխանության մեջ չեն, ես դա համարում եմ լուրջ առաջընթաց, փոփոխություն: Մարդիկ հետ են կանգնել ռեժիմի հետ համագործակցելուց, նաև ընդառաջ են եկել մեր համաձայնություններին:
Դա շատ լուրջ քայլ է, կրկնում եմ՝ շնորհակալ ենք նրանց դրա համար: Ավելին ասեմ՝ գալու է ժամանակ, որ ՀՀԿ-ը միանալու է մեր համաձայնություններին՝ ելնելով իրավիճակից, կոնյուկտուրայից, բացահայտումներից: Կտեսնեք, որ դա լինելու է այդպես՛՛:
ՀԱԿ պատգամավորը նշեց, որ հազարավոր ՀՀԿ անդամներ իրենց կուսակցական տոմսերն իրեն են հանձնել, ինչը նա գնահատում է դրական և առաջարկում է ամենևին չարությամբ չլցվել այդ մարդկանց նկատմամբ: Մանուկյանը նշեց՝ հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է, անզորությունից, հարցերի հետագա ապագան չտեսնելուց է:
՛՛Գնացեք, լուծեք, հոկտեմբերի 27 եք ասում, գնացեք, բացեք, ո՞վ ա խանգարում: Գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում: Մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ, գնացեք, արեք, ի՞նչն ա խանգարում, ինչո՞ւ չեք անում՛՛:
Նա հորդորեց ՀՀԿ-ական պատգամավորներին դեմ քվեարկելուց առաջ հասկանալ՝ ճիշտ են անում, թե ոչ: ՛՛Ես ձեզ դիմում եմ հետևյալ առաջարկով՝ ձեր երեխեքի և պատմության համար, եթե անգամ կողմ չեք կարողանալու քվեարկել ձեր թիմին չդավաճանելու համար, մի քվեարկեք ընդհանրապես կամ ձեռնպահ գոնե, սա՝ հետոյի համար՛՛: