Արա՛, ես չեմ վախենում նստելուց, տղա… մնում ա Քոչարյանը ՛՛մարտի 1՛՛-ով ցույց անի /վիդեո/
Ազգային ժողովում շաբաթվա սկզբին մեկնարկած ՛՛թեժ կրքերը՛՛ չեն հանդարտվում: Այս անգամ նյարդերը տեղի տվեցին ՛՛մարտի 1՛՛-ի հանձնաժողովի քննարկման ընթացքում: ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանի ելույթը լարեց իրավիճակը:
Արզումանյանը նախ հայտարարեց, որ քանի դեռ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծասնությունը, բացառված է, որ ՛՛մարտի մեկի՛՛ որևէ հանձնաժողով որևէ կերպ նպաստի սպանությունների բացահայտմանը, տա որևէ անաչառ գնահատական:
Արզումանյանի խոսքով՝ այդ ժամանակ կար երկու կողմ՝ մի կողմից ողջ համակարգն էր՝ կազմված նախագահից, վարչապետից, քննչական ծառությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից, մյուս կողմից՝ մարդիկ էին, որոնց բանտ էին նետել: Ըստ նրա՝ այսօր այդ մասին հարցեր տվողները պետք է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցեր տային, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին:
՛՛Բա մի հատ հարցնեիք՝ այ պարոն նախագահ, էտ ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք… Էդ հարցերը չեք տվել… հիմա 27-ի գործով կասկածյալը հարցնում ա, թե ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղցեծիք՛՛,-նետեց Արզումանյանը՝ խոսքն ուղղելով ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանին: ՛՛Դե ստեղծի, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարողա բացահայտվի՛՛:
Հայկ Բաբուխանյանը տեղից արձագանքեց, ինչին հետևեց ընդդիմադիր պատգամավորի արձագանքը. ՛՛Արա՛, ես նստելուց չեմ վախում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի՝ տղա՛՛:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կոռեկտության կոչից հետո Արզումանյանը շարունակեց, թե այսօր խորհրդարանում բոլորը բացի ՛՛Ժառանգությունից՛՛ ու ՀԱԿ-ից ՛՛մարտի մեկի՛՛ կոծկման մասնակից են: Այստեղ միջամտեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ բղավելով, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել:
՛՛Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բանակցել եմ քրդերի հետ, թուրքերի հետ, ինձ մի ընդհատեք: Ես երկիր եմ ներկայացրել, պատասխանատու եմ իմ յուրաքնաչյուր խոսքի համար, բան ունեք ասելու՝ կասեք՛՛,-հորդորեց Արզումանյանը՝ քննարկումը համարելով անիմաստ և նշեց, որ չի հասկանում մոտիվացիան:
՛՛Վաղը մնում ա ՛՛մարտի մեկին՛՛ Ռոբերտ Քոչարյանը ցույց անի՝ գա ու պահանջի իրողությունը: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել ՛՛մարտի մեկին՛՛, հիմա եկել եք, դուք ստեղ չորս անգամ օրենք եք փոխել, որ կարանաք դատեք մեզ, մոռացե՞լ եք, հո լուսնից չե՞նք իջել, գիտենք՛՛:
Ալեքսանդր Արզումանյանը հանդես եկավ նաև ի պաշտպանության Լևոն Զուրաբյանի: ՛՛Մարդը առաջարկ է անում՝ հարգենք Ուկրաինայի զոհվածների հիշատակը, առանց գունավորելու, առանց բանի … դուք միանգամից, թե բա Բերկուտը մարդ էր, բա Բերկուտը: Դա նրանից ա, որ դուք՝ մեծամասնությունդ, Մարգարտի նման մեր ընկերն էլ, ենթագիտակցաբար իրանց Բերկուտ են պատկերացում, որովհետև մեծամասնությունը բերկուտ է՛՛:
Արզումանյանն ասաց, թե արդարությունը հաղթելու է, եթե ոչ այս, ապա մյուս ընտրական ցիկլում:
Ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ սխալ է բոլորին ամեն ինչում քննադատել:
Հիշեցնենք, Ալեքսանդր Արզումանյանը 2008թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ մարտի մեկից հետո՝ ՛՛7-ի գործով՛՛ կալանավորված, դատապարտվածներից մեկը:
Ելույթի մանրամասները՝ տեսանյութում: