Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Borde-Park” համալիրում, բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայությամբ, տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա մրցակցի`Ռոբերտ Շտիգլիցի բաց մարզումը (մարզիչների մասնակցությամբ):
Հիշեցնենք, Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ:
Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Մարտի 1-ին կայանալիք մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը:
Մրցելույթը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ (Երևանի ժամանակով` լույս մարտի 2-ի գիշերը, սկիզբը՝ ժամը 2:00):