Սեյրան Օհանյանը հանդիպել է ամերիկյան խորհրդատվական խմբին
Ս.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը:
Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ փուլի հանգուցային նշանակությունը ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի հաջող իրականացման գործում:
Պաշտպանության նախարար Ս.Օհանյանը բարձր գնահատեց միջազգային խորհրդատուների ներդրումը ՀՀ անվտանգության ոլորտի համար կարևորագույն այս ձեռնարկում, վստահեցնելով, որ պաշտպանության նախարարությունն իր գործընկերների հետ այս ուղղությամբ փոխգործակցությունն իրականացնում է փոխադարձ վստահության և համագործակցության ոգով:Խորհրդատվական խմբի այցը կշարունակվի մինչև փետրվարի 28-ը:
Այցի շրջանակում ԱՄՆ փորձագետները քննարկումներ կիրականացնեն սպառնալիքների գնահատման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ, որում ներգրավված են նաև ՀՀ հասարակական կազմակերպությունների և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ: