Հովիկ Աբրահամյանին սիրել պետք չէ
՛՛Նաիրիտի՛՛ հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նախ նշեց, թե “այս ամբիոնը միմյանց վիրավորելու ամբիոն է դարձել”, ապա հանդուրժողականության կոչ արեց:
ԱԺ նախագահը շեշտեց, որ իշխանությունները կողմնակից են, որպեսզի ստեղծվի նման հանձնաժողով եւ հիշեցրեց, որ մոտ քսան օր առաջ ոչ ոք չէր հավատում, որ գազի հարցով հանձնաժողով կստեղծվի, սակայն ինքն իր խոստումը պահեց ու հիմա այդ հանձնաժողովը կստեղծվի:
Աբրահամյանը հորդորեց ամեն անգամ իշխանություններին չմեղադրել հարցերը թաղելու, կոծկելու մեջ:՛՛Մենք ոչ մի բան չունենք կոծկելու: Հիշեք միշտ, մենք ոչ մեկի հետ պայման չունենք, որ իշխանության ներկայացուցիչը գա պաշտոնի ու զբաղվի ապօրինություններով, կոռուպցիայով, մենք դեմ ենք ի սկզբանե՛՛: Ըստ նրա՝ եթե նման մարդիկ կան, “պետք է վեր հանվեն ու պատժվեն”:
՛՛Գալիս եք այս ամբիոնից մեզ քննադատում, ասում եք՝ սիրելի մեծամասնություն, չգիտեմ ինչ, մեզ պետք չի սիրել, մեզ պետք է հարգել, մեզ հետ պետք է աշխատել, համագործակցել՛՛:
ԱԺ նախագահը, դիմելով ՀՅԴ խմբակցությանն, ասաց, որ նրանք համաձայնել են, որ մինչև աշուն հանձնաժողովը ստեղծվի, և ինքը կտա այդ հնարավորությունն անդրադառնալու այս հարցին աշնանը:
՛՛Աշունը անդրադառնալու եք այդ հարցին, ինչու եք մեկդ մյուսին նեղացնում: Հարիր չէ այս ամբիոնից ամեն րոպե երկրի վարչապետի անունը հնչեցնել, մեղադրել այս կամ այն գործերի մեջ:
Եթե կան նման խնդիրներ, դիմել ենք, փորձել ենք ուսումնասիրել, վերհանել, եթե կան խնդիրներ, պատասխանատվության ենթարկենք: Ամեն անգամ ոչ մեկդ ջանք չեք խնայում, որ երկրի վարչապետին փնովեք, վարչապետի եղբայրը, վարչապետը … ՛՛: