“Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի” ղեկավարը Սաֆարովի գործով պահանջ է ներկայացնում Գերմանիայի կառավարությանը

Գերմանուհի իրավապաշտպան, “Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի” ղեկավար Թեսա Հոֆմանը Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին զարգացումները քննարկելու և քաղաքական գնահատական տալու հայց էր ներկայացրել Գերմանիայի իշխանություններին, որին արձագանքել են տեղի արտգործնախարարությունից:
“Գերմանական կառավարությունն ասում է, որ Հունգարիան իբրև բարի նպատակներով է այդ քայլին դիմել՝ հանցագործին հանձնել, բայց փաստորեն խաբվել է:
Ըստ էության, գերմանական կառավարությունը սատարում է Հունգարիային: Այս երկրի կառավարությանը թվում է, թե արդեն ամեն ինչ անցյալում է, բայց դա լինել չի կարող”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Թ. Հոֆմանը:
Հունգարական կառավարությունը, բնականաբար, տեղյակ է, որ համաձայն միջազգային հանցագործների մասին համաձայնագրի, արգելվում է հանցագործին բաց թողնել այն երկիր, որտեղ նրան ազատ կարձակեն: Իսկ դա Ադրբեջանում տեղի ունեցավ: Այս հիմքից ելնելով՝ տեղի է ունեցել համաձայնագրի կոպիտ խախտում:
“Մեր բողոքն ունի կոնկրետ պահանջ, – հստակեցնում է իրավապաշտպանը, – ստեղծել հետազոտող հանձնախումբ, որը կլինի անկախ և անպայման միջազգային, որ զբաղվեն այս հարցով: Սա, ի վերջո, առաջին դեպքը չէ”: