Եթե լինեն ընդդիմության շոումենները

Գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման խորհրդարանական քննարկումներին ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ամենակարևոր հարցը, որ քաղաքական ուժերը փորձում են քննարկումների արդյունքում լուծել, Զուրաբյանի կարծիքով՝ հետևյալն է՝ արդյոք ՛՛մենք ստեղծո՞ւմ ենք թաղման հանձնաժողով, ճշմարտության թաղման հանձնաժողով, թե՞ ստեղծում ենք ճշմարտության բացահայտման հանձաժողով՛՛:
Մինչդեռ հետաքրքիր է՝ արդյոք հիմնավորված է գազի սպառման համար կիրառվող սակագինը, թե ոչ: ՛՛Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու են ռուսական ՛՛Գազպրոմ՛՛ ընկերությանը տրվել լիազորություններ, որոնք ՛՛Գազպրոմին՛՛ բարձր են դասում, քան մեր պետությունը՛՛:
Պատգամավորի խոսքով՝ այն, ինչով զբաղվում է իշխող մեծամասնությունը, ըստ էության, այնպիսի հանձնաժողովի ստեղծումն է, որը զբաղված կլինի ճշմարտության թաղումով:
՛՛Եթե ձեր խնդիրը վախն է Ռուսաստանից, դուք վախենում եք բարձրացնել հարցեր, որոնք կարող են սրման պատճառ դառնալ ՌԴ հետ հարաբերություններում, ես այդ բացատրություննրը չեմ ընդունում՛՛,-շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի դռնփակ լինելուն.. ՛՛Դուք ասում եք, որ սա կարող է դառնալ շահարկումների առիթ, որ կարող են շոուներ լինել, շոումեններ առաջանալ, որոնք շատ սիրում են կամերաների առջև խոսել: Եթե այդ շոումենները լինեն ընդդիմությունից, եթե ընդդիմությունը զբաղվի այդ ամբողջ պրոցեսը շոուի վերածելով, ապա ընդդիմությունը շատ արագ կվարկաբեկվի, որովհետև ի տարբերություն ձեզ, ես հավատում եմ մեր ժողովրդի դատողությանը, գիտեմ, որ ժողովուրդը կարող է տարանջատել շոումեններին, պետական մտածողություն ունեցող գործիչներից՛՛: