26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Տա Աստված` սխալվեմ … ՛՛

Վերջերս շատ խոսեցինք այն մասին, որ 2014թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, և տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը ետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը:

Միևնույն հարցի մասին առաջին և երկրորդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են 3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է:

Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են ՛՛Հալալ միս՛՛ ՍՊԸ, ՛՛Տիսա՛՛ ՓԲԸ, ՛՛Կամելիա Գրուպ՛՛ ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված ՛՛պաղեցրած՛՛-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել:

Հիշենք, որ ՛՛Սուր անկյուն՛՛ հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը:

Մանկապարտեզներին կարագ ու կաթնամթերք են մատակարարում հետևյալ ընկերությունները` ՛՛Հայկազունք՛՛ ՍՊԸ-ն, ՛՛Անանո՛՛ ՍՊԸ-ն, ՛՛Տիսա՛՛ ՓԲԸ-ն, որոնց մատակարարած կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: 

Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են` ՛՛Անանո՛՛ ՍՊԸ-ն և ՛՛Հայկազունք՛՛ ՍՊԸ-ն, որոնց մատակարարած խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված 5-14 սմ-ից փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: 

Վերոնշյալ վարչական շրջանների ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը ՛՛Անանո՛՛ ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում ՛՛Հեփի ֆուդ՛՛ ՍՊԸ-ն:

Նույն ՛՛Սուր անկյուն՛՛ հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը:

Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել:

Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա Աստված` սխալվեմ:

Անահիտ Բախշյան Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ