Տիգրան Սարգսյանն ամփոփել է Մեդվեդեւի հետ հանդիպման արդյունքները
_1393255710.jpg)
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանդիպման որոշ մանրամասներ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու “Ճանապարհային քարտեզ”-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:
“Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի “Ճանապարհային քարտեզ”-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր:
Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի քննարկման հաջորդ կարևորագույն հարցը վերաբերել է Հայաստանում “Ռոսնեֆտ” ընկերության ներդրումային ծրագրերին: “Մենք լսեցինք “Ռոսնեֆտ” ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին:
Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն:
Բնականաբար, ծրագիրն առնչվում է “Նաիրիտ” գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց “Նաիրիտ”-ի աշխատողները”,- ասել է վարչապետը: