18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Պարո՛ն վարչապետ, ես, որպես ՀՀ հպարտ քաղաքացի, ակնկալում եմ ձեր հստակ գնահատականը»

«Այն, ինչ այս օրերի ընթացքում տեղի է ունեցել Արցախում, մտահոգիչ է բոլորիս համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ակցիաներին:

Նա նշեց, որ Արցախի ներքաղաքական կայունությունն անհրաժեշտություն է բոլորիս համար: «Այս իմաստով ես կիսում եմ թե՛ առաջին նախագահ պարոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի մտահոգությունները: Առնվազն ինձ համար անսպասելի է, որ գործադիրի ղեկավար Փաշինյանը մինչ այս պահը որևէ գնահատական չի տվել: Իհարկե, նրա խորհրդականը նշել է, որ հետևում է, բայց ՀՀ-ն, որպես Արցախի հանրապետության ու բնակչության երաշխավոր, պետք է համախմբման կոչ անի:

Չեմ ուզում կրակի վրա յուղ լցնել, սակայն մեր նորանշանակ վարչապետը հայտնի է իր լայվ-երով, ամեն պատեհ և անպատեհ առիթներով լայվ է մտնում: Ես կարծում եմ, որ այս օրերին ժամանակ պիտի ունենար թեկուզ ֆեյսբուքով արցախահայությանը զսպվածության ու միասնության կոչ աներ»,-շեշտեց նա:

Ըստ Շարմազանովի՝ բոլորս պետք է սատարենք Արցախի իշխանություններին ու ուժային կառույցներին: «Այն, ինչ որ տեղի ունեցավ Հայաստանում, անթույլատրելի է Արցախի համար, որեվհետև, որպես պատմաբան, շատ լավ հիշում եմ, թե 90-ականների սկզբին Ադրբեջանում ներքաղաքական խժդժություններն ինչի հանգեցրին: Մեզ պետք է կայուն, միասնական ու ուժեղ Արցախ՝ իր ուժեղ նախագահով և ուժեղ կառույցներով, այդ թվում ԱԱԾ-ով, բանակով ու ոստիկանությամբ»,-նկատեց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ներքին կենցաղային վեճը չպիտի քաղաքական պահանջների վերածվի: «Ով էլ լիներ Արցախի իշխանություն, ես նույն կոչով հանդես էի գալու: Կրկնում եմ՝ անհասկանալի է վարչապետ Փաշինյանի լռությունը: Ի՞նչ է նշանակում՝ հետևում է, դիտորդ չի, որ հետևի, ինքը ՀՀ վարչապետն է և Արցախի անվտանգության երաշխավորն ու հայկական կողմերից բանակցություն վարողը:

Վայրկյան առաջ պետք է կոչով հանդես գալ:

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, բոլոր ներկա ու նախկին իշխանավորները պետք է սատարեն Արցախի իշխանություններին, ուժային կառույցներին, որովհետև ուժեղ Արցախը մեր հայության հզորության գրավականն է, իսկ թույլ Արցախը, խժդժությունների գնացող Արցախը զենք է Ադրբեջանի ձեռքին: Պարո՛ն վարչապետ, ես, որպես ՀՀ հպարտ քաղաքացի, ակնկալում եմ ձեր հստակ գնահատականը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ