Արցախում նույն տեխնոլոգիաներն են կիրառվում
«Դժվար է ասել՝ սա ուղղորդված է Հայաստանից, թե չէ: Կարող են արտաքին նմանություններ ունենալ Հայաստանի և Արցախի պայքարները, բայց ասել, որ սա Երևանից է հրահրվում, չի կարելի միանշանակ պնդել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե Արցախում ընթացող բողոքի ակցիան ուղղորդվում է Երևանից:
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ պայքարը նույն սցենարով գնա, ինչ-որ Երևանում, նա արձագանքեց. «Սցենարի նմանությունը կարող է բացատրվել նրանով, որ պայքարի նույն տեխնոլոգիաներն են կիրառվում, նման տեխնոլոգիաներ կիրառում են շատ երկրներում:
Ինչ վերաբերում է Երևանի արձագանքին, դա պետք է լինի, քանի որ Ղարաբաղը հատուկ պայմաններում է գտնվում. համակարտության մեջ է Ադրբեջանի հետ: Այնտեղ որոշ հարցեր պետք է արագ լուծվեն, և երկար անորոշություն ցանկալի չէ ցույց տալ: Միգուցե անհրաժեշտ է, որ Երևանը միջամտի, բայց ոչ ցուցադրաբար, որովհետև նոր իշխանությունները ցույց են տալիս, որ ԼՂՀ-ն ինքնուրույն երկիր է և, որպես ինքնուրույն երկիր, ինքը պիտի լուծի հարցերը»:
Հարցին, թե ինչպես են այս ակցիաներն ազդում Արցախի իմիջի վրա, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ղարաբաղի հետ կապված՝ իմիջի խնդիր այդքան չկա, քանի որ այնտեղ ռազմական իրավիճակ է: Բացի այդ հարցն այդքան մեծ լուսաբանում չունի համաշխարհային մամուլում, ինչը տեղի ունեցավ Հայաստանում: Եթե ԼՂՀ իշխանությունները կարողանան այս հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծումը գտնել, ապա իշխանությունների իմիջը հենց բնակիչների մոտ կարող է բարձրանալ»:
Հիշեցնենք, որ Արցախում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից հետո բողոքի ակցիա է անցկացվում: