28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, նվազագույնս քաղաքականացված. Ռոբերտ Քոչարյան. 2rd.am

2rd.am-ը շարունակում է հրապարակել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները: Հարցերը ուղարկվել էին անցած տարվա դեկտեմբերին: Հաշվի առնելով հետաքրքրությունը, այն մեջբերում ենք ամբողջությամբ:

Խնդրո առարկան Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեման է: Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք պարզել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը նաեւ մեկ այլ թեմայի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին 2-րդ նախագահի գրասենյակից, այս հարցի վերաբերյալ առայժմ գրեթե հնարավոր չէ առարկայական տեսակետ հայտնել՝ թեմայի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության սակավության պատճառով: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում այդ բացը կլրացվի, եւ մենք կտեղեկանանք նաեւ այդ հարցի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին: 

Պարոն նախագահ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Ռուսաստանի, Բելառուսի եւՂազախստանիՄաքսայինՄիությանը՝Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Թեման չափազանց կարեւոր է, բայց  դրա էությունը հասկանալու համար պետք է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում ու Ռուսաստանում իրագործվող մաքսային քաղաքականության մոտեցումների համեմատական վերլուծություն կատարել:
 
Սկսեմ Ռուսաստանից:
 
Ռուսաստանը ԽՍՀՄ-ից ժառանգեց գործնականում տնտեսության բոլոր  ոլորտներն ընդգրկող հզոր արդյունաբերական ներուժ` ռազմաարդյունաբերական համիլիրի վրա արտայատված շեշտադրումով: Բայց այդ ներուժը ինտեգրված չէր համաշխարհային տնտեսությանը եւ գերակշիռ մեծամասնությամբ պարփակված էր ներքին շուկայում ու սոցիալիստական ճամբարի երկրներում: ԽՍՀՄ արտահանման հիմնական հոդվածը /65 տոկոս/ կազմում էր նավթի ու գազի արտահանումը:

Որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը ավելի մրցունակ ներմուծումից,  Ռուսաստանը կիրառում էր բարձր մաքսատուրքեր, իսկ ներքին շուկայի ծավալները թույլ էին տալիս գործել նրա արդյունաբերությանը: Կիրառելով արտահանման տուրքեր եւ քվոտաներ էներգակիրների արտահանման վրա՝ կառավարությունը պահպանում էր դրանց ներքին ցածր գները, ինչը պահում էր ռուսական տնտեսության որոշակի մրցունակությունը:

Իմիջիայլոց, դա թույլ տվեց խուսափել այն կոլապսից, որ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ 90-ական թվականների սկզբին: Այժմ, անդամակցելով Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը, Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար աստիճանաբար վերանայում է արտաքին առեւտրի կանոնները: Դա կարճաժամկետ հեռանկարում որոշակի դժվարություններ կստեղծի, սակայն երկարաժամկետ առումով երկիրն անկասկած շահելու է: 

-Իսկ ի˚նչ կատարվեց Հայաստանում

Մենք ժառանգեցինք լուրջ արդյունաբերական ներուժ՝ կողմնորոշված դեպի ԽՍՀՄ շուկա, որն արդեն գոյություն չուներ: Ներքին շուկայի ծավալներն այդ արդյունաբերության համար չնչին էին, իսկ մի շարք ոլորտների համար՝ պարզապես զրոյական:

Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի եւ երկաթուղային հաղորդակցության բացակայությունը ի չիք էր դարձնում նախկին կոոպերացիայի վերականգնման ջանքերը: Ռուսական տնտեսության մի շարք ոլորտների աղետալի վիճակը 90-ականների կեսերին նույնպես լավատեսություն չէր ավելացնում: ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ Հայաստանի արդյունաբերության զգալի մասը անմիջապես դարձավ էքսպորտային՝ ավանդական վաճառահանման շուկայի եւ տեխնոլոգիական կոոպերացիաների գծով գործընկերների կորուստի պայմաններում:

Ըստ էության, բացի գյուղատնտեսությունից ու վերամշակումից, արդյունաբերության բազմաթիվ ճյուղերի պաշտպանությունը մաքսատուրքերով անիմաստ էր: Հովանավորչությունը կարող էր արտահայտվել բոլորովին այլ գործիքների կիրառմամբ, բայց ոչ մաքսային արգելքներով:

Գումարեք դրան նաեւ Հայաստանի շրջափակումը, որը բերում էր տրանսպորտային ծախսերի թանկացման գրեթե բոլոր ապրանաքատեսակների համար: Այդ պատճառով էլ ՀՀ կառավարությունը 90-ականների կեսերին գնաց արտաքին առեւտրի ազատականացման, եւ Հայաստանը մտավ ԱՀԿ 2003թ.՝ համաշխարհային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրացիայի գործընթացն արագացնելու համար: 

Այսպիսով, Հայաստանն ու Ռուսաստանը, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, երկար ժամանակ մաքսային քաղաքականության մեջ տարբեր մոտեցումներ էին իրականացնում, եւ այդ մոտեցումները մեր երկրների մաքսային օրենսգրքերի հիմքը դարձան: Իսկ քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, եւ կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները: 

Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, եւ կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոների տրամաբանությամբ, եւ այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն: Անհրաժեշտ է խորը եւ բիզնեսի համար բաց վերլուծություն ՄՄ երկրների շուկաների բոլոր ապրանքային խմբերի գծով՝ կանխատեսելու համար բոլոր հնարավոր հետեւանքները:

Գործարարներն ու ֆերմերները պետք է իմանան, թե որ ճյուղերում են իրենց դժվարություններ սպասում, եւ հակառակը՝ որում իրենք կարող են ավելացնել իրենց հնարավորությունները: Դա կօգնի նաեւ բանկերին ու վարկային կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ եւ փոքր ռիսկայնությամբ տնօրինել ֆինանսական ռեսուրսները: 

Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը  Հայաստանի հետ առեւտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաեւ ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատամամբ  պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության եւ մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել: 

Մեկ այլ՝ արդեն բարձրաձայնված խնդիր.  ՄՄ շրջանակներից դուրս գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների գների բարձրացումը: Հաշվի առնելով սպառողական շուկայում այդպիսի ապրանքների գերակայությունն ու Հայաստանի առեւտրային բալանսի դեֆիցիտի մակարդակը՝ խոսք է գնում բավականին էական ծավալների մասին:

Այստեղ բանաձեւը շատ պարզ է. բարձացնում ես մաքսատուրքերը՝ բարձանում է նաեւ ապրանքի գինը խանութում:  Կամ էլ տեղի է ունենում այդ ապրանքների փոխարինումը համանման ապրանքներով՝ Մաքսային Միության անդամ երկրներից, եթե այդպիսիք այնտեղ արտադրվում են:

Օրինակ, ասենք, Բելառուսի մսամթերքները եւ կաթնամթերքները  կարող են էժանանալ Հայաստանում, իսկ մեր գինին ու կոնյակը՝ Բելառուսում: Ինչպե՞ս կդիմանա այս մրցակցությանը մեր անասնապահությունը, ցույց կտա ժամանակը: Այլ երկրներից ներմուծվող  կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու մեքենաների զգալի մասը կթանկանա, եթե չլինեն համպատասխան բացառություններ: Այստեղ ամեն ինչ հնարավոր է հաշվարկել եւ կանխատեսել, եւ այդ հաշվարկները պետք է մատչելի լինեն հասարակությանը:

Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ, ներդաշնակելով այն ԱՀԿ առջեւ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում մաքսային գանձումների աստիճանական նվազեցման հետ:

Իսկ դա կախված է անցկացվելիք աշխատանքային բանակցությունների արդյունքներից՝ ՄՄ բոլոր երկրների հետ, որոնք էլ իրենց հերթին կներկայացնեն փոխադարձ պահանջներ: Դա շահերի համաձայնեցման աշխատատար գործընթաց է, եւ շտապողականությունը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների:

Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլեւս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր: 

Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված եւ առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար:

Հ. Գ.  Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ