Աշուղը Աֆրիկա կգնա՝ խռով է հայրենիքից ու պաշտոնյաներից /վիդեո/
Ռազմահայրենասիրական երգերի հեղինակ, աշուղ՝ Ռազմար Սասունցու հոգին խռով է:”Հասնինք, Սասուն, մտնինք՝ Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…” երգի հեղինակը այսօր լքված ու միայնակ է զգում իրեն սեփական հայրենիքում: Հայրենիքում, ուր ընդամենը 34քմ հանրակացարանային սենյակում հարյուրավոր երգերի է ծնունդ տվել աշուղը.”Բազմաթիվ մրցանակներս կուզեի աչքի առաջ ունենալ, գրքերս ու արձանիկներս….ուզում եմ Սասուն աշխարհից ծնունդ առած գենս շարունակվի, իսկ 35 տարեկան որդիս չի ամուսնանում՝ տուն չունենալու պատճառով”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցը աշուղի համար մաղձով լցված սիրտը թեթևացնելու ձև էր, հոգու խռովը ցրիվ տալու՝ իր հեռանալու պատճառը բացատրելու ու արդարացում գտնելու եղանակ:
“Մատնվել եմ անուշադրության, թե հայրենիքի, թե բարձրաստիճան այրերի կողմից, ոչ մեկին չի հետաքրքրում, թե իմ կարգի ստեղծագործողը ինչ պայմաններում է ապրում: Ուզում եմ մի տեղ ունենամ, անգամ Աֆրիկա կհամաձայնեմ գնալ, անբնակ մի վայր, որ էս վիճակը չտեսնեմ ու չներվայնանամ”:
Աշուղը իր կյանքում ոչ մի երգ չի վաճառել, ով որ երգը ուզել՝ վերցրել ու երգել է:Արցախյան ազատամարտի տարիներին ինքը իր “Սասնա ծռեր” համույթով շրջել է զորամասերով ու թեժ գծերում անգամ, իր երգով ` ուժ ու կորով հաղորդել կռվողին:
Գուցե գնա ու չդիմանա, Էրգրի կարոտով տոչորված սիրտը գուցե նոր կարոտը չկարողանա տանել, բայց մնալ ևս չի կարող: Չի կարողանում նայել կնոջ ու որդու երեսին: Ախր հենց հնարավորություն է ունեցել տուն ստանալու իր տեղը միշտ զիջել է ուրիշին…
Գուցե այնուամենայնիվ պատկան մարմինները լսեն ու հետ պահեն աշուղին գաղթի ճամփից, երբ այդ գաղթը սեփական երկրից է, երբ այդ գաղթը երկրահոտ ցավով է, երբ մի ժողովրդի զրկելու է Սասնա բարբառով ծնված երգերից, իսկ հայրենասեր աշուղին հայրենիքից…
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: