Ո՞ւր է տանում ղարաբաղյան հարցում ԱՄՆ շտապողականությունը. Ժամանակ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի անկախության առիթով ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաեւ դարաբաղյան խնդրին, ինչպես մի քանի օր առաջ նույն առիթով՝ Դոնալդ Թրսւմփը: Պոմպեոն կոչ է արել կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մի քանի օր առաջ էլ նախագահ Թրամփը Ալիեւին ուղղված շնորհավորանքում ասել էր, թե առաջիկա ամիսները բերում են կարգավորման հնարավորություն: Թե’ Թրւսմփը, թե’ Պոմպեոն խոսել են նաեւ այն մասին, որ սպասում են Բաքվի հետ գործակցության:
Ինչո՞ւ է ԱՄՆ քաղաքական վերնախավի երկու առանցքային ներկայացուցիչների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձում շոշափվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, այսպես ասած, «արագությունների» տողատակը: Հայաստանում, օրինակ, շատերին է դա հետաքրքրել, թեեւ պետք է նաեւ նկատել, որ կարգավորման գործընթացի երկարամյա պատմության ընթացքում այլ բան գործնականում երբեք չի էլ հնչել, եւ միջնորդները տարբեր առիթներով միշտ էլ խոսել են արագ կարգավորման, «հնարավորությունների պատուհանների» եւ այլնի մասին: Օրինակ՝ հիշարժան է, որ 2006 թվականը նույնիսկ համընդհանուր բառաֆոնդում միջնորդները հռչակեցին որպես կարգավորման «հնարավորությունների պատուհան»՝ բացատրելով դա նրանով, որ թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում տարին, այսպես ասած, ազատ է ընտրություններից, եւ ըստ այդմ՝ իշխանությունները կարող են կենտրոնանալ կարգավորումների վրա: Այդպիսի օրինակները կարող են շատ լինել:
Միեւնույն ժամանակ, արդյո՞ք կարող ենք ասել, որ արագ կարգավորման, կարգավորման նոր հնարավորությունների եւ այլնի մասին խոսակցությունները սկսել են կրել հերթապահ բնույթ: Իհարկե, հազիվ թե դրանք լինեն ոչինչ չնշանակող հերթապահ խոսքեր, որ տեղ են գտնում գերտերության քաղաքական ղեկավարության ուղերձներում: Դրանք ինչ-որ բան, անշուշտ, նշանակում են, եւ ոչ միարժեքն այստեղ այն է, որ դրանք կարող են ուղիղ իմաստով նշանակել կարգավորման գործընթացի որեւէ արագացում՝ որեւէ կոնկրետ արդյունքի նպատակադրմամբ:
Այդ ուղերձները կարող են նշանակել այլ բան, առնչվել այլ հարցերի եւ պարունակել այլ տողատակեր, որոնք հասկանալի եւ հստակ են միայն ուղերձը հղողների եւ դրանք ընդունողների համար՝ ելնելով այն հանգամանքից, որ կա ինֆորմացիայի ահռելի ծավալ՝ կարեւոր մանրամասներով, որ հայտնի է միայն նրանց:
Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքներում են հնչում բանակցություններն արագ վերսկսելու կոչերը՝ միաժամանակ զուգորդվելով այն մտքերի հետ, որ ԱՄՆ-ը «սպասում» է Ադրբեջանի հետ աշխատանքին: Այլ կերպ ասած՝ հստակ են ուղերձները ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը, այդ թվում՝ հնարավորությունների մասով ու սպասումով՝ տողատակում ունենալով թերեւս այն, որ ԱՄՆ-ն ունի հնարավորություններ նաեւ առանց Ադրբեջանի, բայց դեռ սպասում է Բաքվի, այսպես ասած, կառուցողականությանն ու քաղաքական կարգավորման տրամաբանություն վերադառնալուն:
Ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Բաքուն չօգտվի այդ հնարավորությունից, երբ Վաշինգտոնի համբերությունը սպառվի եւ այլեւս դադարի Ալիեւի կառուցողականությանը սպասելուց:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: