18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում

Փետրվարի 20-23-ը Երևանում անցկացվում է ՛՛Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր՛՛ խորագրով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 2-րդ գիտաժողովը։ Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ ՛՛Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր՛՛, ՛՛Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում՛՛, ՛՛Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն՛՛, ՛՛Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ՛՛ և այլն։

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է 85 զեկույց, որոնց հեղինակները մինչև 35 տարեկան մասնագետներ են՝ ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ։ ՛՛Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ` մասնակիցների թիվը կտրուկ աճել է։ Եթե 2013թ. ունեինք մոտ 65 մասնակից, ապա այս տարի նրանց թիվը հասնում է 85-ի։ Ընդ որում, գիտական այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների շրջանում։ Մենք գիտաժողովի շրջանակներում համագործակցում ենք բանկերի, տարբեր կազմակերպությունների հետ, որոնք դրամական խրախուսական մրցանակներ են սահմանել ուսանողների համար համար։ Ի սկզբանե գիտաժողովի կազմկոմիտեն ու գիտական կոմիտեն որդեգրել են հենց ուսանողներին խրախուսելու սկզբունքը, որպեսզի նրանք սկսեն գիտությամբ զբաղվել՛՛,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Գիտաժողովին տեսակապի միջոցով մասնակցում են երիտասարդ գիտնականներ նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Վրաստանից։

Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ