25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աննախադեպ իրավիճակ. արտահերթ ընտրության չափիչը. Ժամանակ

Նոր կառավարության առնչությամբ ամենից հաճախ հնչող գնահատականներից է այն, որ սա ժամանակավոր կառավարություն է: Իհարկե լիովին հասկանալի է, որ խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու վերջնահանգրվանն է, որ դրել է հենց նոր կառավարության ղեկավարը, թավշյա հեղափոխության առաջնորդը: Եվ այդ իմաստով իհարկե ստացվում է, որ գործ ունենք մինչև ընտրություն աշխատող կառավարության հետ, որքան էլ պարզ չէ, թե այդ ընտրությունը երբ է տեղի ունենալու: Սակայն անհրաժեշտ է այդ իմաստով հասկանալի իրավիճակը առավել խորքում:

Փորձագիտական գրեթե բոլոր դիտարկումներում գերակշռում է միտքը, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ անցկացնել արտահերթ ընտրությունն ու արձանագրել հեղափոխության հաջողությունը և հաղթանակը: Այդ հանգամանքները դիտարկել ենք նաև մենք ձեզ հետ միասին, բազմիցս: Սակայն, երևի թե արժե այդուհանդերձ իրականությանը նայել նաև այլ կողմերից և փորձել հասկանալ, իսկ միարժե՞ք է արդյոք, որ Փաշինյանին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ արտահերթ ընտրություն:

Արդյո՞ք իրականությունն ավելի բազմազան ու բազմասցենար լինել չի կարող, հատկապես հաշվի առնելով այն, որ մենք ի վերջո ապրում ենք Հայաստանում, որտեղ հնարավոր է դարձել անհնարին թվացողը: Երբ մենք դիտարկում ենք նոր ձևավորված գործադիր մարմինը ժամանակավոր կառավարություն կամ այլ քաղաքական տերմինաբանությամբ, որովհետև իրավական, սահմանադրական առումով չկա այդպիսի եզր, ապա անհրաժեշտ է նախ հասկանալ՝ մենք համարո՞ւմ ենք հեղափոխությունն ավարտված, թե՞ ոչ: Ժամանակավոր կառավարության մասին թեկուզ քաղաքական եզրույթի մասով կարող ենք խոսել, եթե տալիս ենք դրական պատասխան հեղափոխության ավարտված լինելու մասին հարցին:

Եթե պրոցեսը մտել է քաղաքական համակարգի տրամաբանություն, ապա իհարկե արդեն գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, կամ իրավիճակի հետ, երբ կա փոքրամասնության կառավարություն: Բայց, արդյո՞ք հեղափոխությունն իսկապես ավարտված է, թե՞ պարզապես տեղափոխված է այլ դաշտ: Եվ այստեղ է, որ կարող է տեղի ունենալ թյուրըմբռնումը, որը պետք է պարզաբանվի ընդհուպ հանրության մակարդակում: Հեղափոխությունն ավարտված չէ և գործընթացները պետք է դիտարկել շարունակվող հեղափոխության համատեքստում:

Ըստ այդմ խոսքը ոչ թե ժամանակավոր կառավարության, այլ հեղափոխական կառավարության մասին է: Իսկ դա արդեն արմատապես փոխում է թե ընկալումը, թե խնդիրները, թե հարաբերության շրջանակը հանրության և կառավարության, կառավարության և տարբեր տնտեսական ու քաղաքական սուբյեկտների միջև:

Հետևաբար, խնդիրը, այդ թվում հանրության մակարդակում, պետք է լինի հեղափոխության ձեռքբերումը պահելը և արտահերթ ընտրությունն իր քաղաքական ու փիլիսոփայական համատեքստում պետք է ունենա այդ ընկալումն ու նշանակությունը: Ըստ այդմ, նոր կառավարությունը ժամանակավոր է այնքան, որքան ժամանակավոր է հեղափոխությունը և դրա ամբողջական օրակարգը ոչ թե գործընթացի հանգրվանների, այլ ակնկալվող արդյունքի, այսինքն Հայաստանում արդյունավետ կառավարման տեսքով:

Ի դեպ, այդ տեսանկյունից, չնայած արտահերթ ընտրության հռչակված օրակարգին, խոշոր հաշվով բուն խնդիրը ամենևին դա չէ և կառավարության հենքն էլ հնարավորինս շուտ արտահերթ ընտրությունը չէ, այլ հասարակական մեծ աջակցությունն ու հեղափոխական գործընթացը: Հայաստանում իրավիճակի արմատական, հիմնարար վերանայման համար պետք է հենց այդպիսի գործընթաց, ոչ թե դրանից հնարավորինս արագ ձերբազատվելու կամ դուրս գալու ձգտում:

Ըստ այդմ, արտահերթ ընտրության արագ անցկացումը, թե այդ հարցում չշտապելը խոշոր հաշվով պետք է եզրակացվի կամ չափվի այս հիմքով՝ որ դեպքում է առավել շահող և հաստատուն լինելու հեղափոխության ընթացքը խորքային վերափոխման իր համընդհանւր նպատակներով և հանրային սպասումով:

Միայն դրա հիման վրա պետք է պարզվի՝ արա՞գ ընտրությունը, թե՞ չշտապելն է առավել նպատակահարմար: Ի վերջո, դարձյալ առերևույթ է տպավորությունը, թե ներկայիս իրավիճակում ավելի շատ են վտանգները, քան հնարավորությունները:

Իրականում Հայաստանում ստեղծվել է բավականին ուշագրավ մի վիճակ, երբ բոլորը բոլորին դեմ են, միաժամանակ բոլորը պարտադրված են հեղափոխության հետ հաշվի նստելուն, անգամ դրա իրականացնողները: Այդ վիճակը անընդհատ պարտադրելու է համընդհանուր փոխզիջումներ:

Ի վերջո, արտահերթ ընտրության անցկացումն ու որևէ արդյունք ամենևին չի երաշխավորելու ավելի անվտանգ և նվազ ռիսկային վիճակ: Եվ գուցե նույնիսկ հակառակը՝ շատերը դրանով իրենց համարելու են հեղափոխության առաջ պատասխանատվությունից ազատ և նույնիսկ սկսելու են մտածել, որ արդեն հեղափոխությունը պետք է իրենց առաջ պատասխանատու լինի:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ