Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ
«Վերջին տարիներին կրթական համակարգը եղել է քաղաքական համակարգի կցորդ, ինչն անթույլատրելի է»,-այսօր՝ մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ պետք է կրթական համակարգը քաղաքականից ազատել, պետք է թողնել կրթությունը շնչի:
Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կրթության ոլորտը պետք է ձերբազատել նաև սոցիալական գործառույթից, քանի որ կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա»:
«Չի կարելի երեխայի ապագան զոհաբերել այսրոպեական սոցիալական խնդիրների լուծմանը: Նույն բուհերը դիտարկեք, բազմաթիվ մարդիկ են ընդունվել, անիմաստ հաստիքներ են բացվել: Նախկին Կրթության և գիտության նախարարն էր ասում, թե փոքր բուհում 5 պրոռեկտոր կա: Այսինքն՝ մարդկանց աշխատանքի են տեղավորել, այնինչ այդ գումարներով կարելի էր զեղչեր անել՝ օգնելով վարձի պատճառով ուսումից դուրս մնացածներին»,-ամանրամասնել է կրթության փորձագետը:
Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ բուհերում, դպրոցներում այսօր տրվող կրթությունը մեծ մասամբ հնացած է:
«Երեխաները փոխվել են, դարաշրջանը փոխվել է, մենք շարունակում ենք աշխատել հնացած մեթոդներով: Նոր տեսակի, նոր շնչով կրթություն է պետք: Այդ համատեքստում բազմաթիվ ուղղություններով բարեփոխումների կարիք կա: Մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտություն կա, ինչպես նաև բովանդակության, գնահատման համակարգի վերանայման»,-եզրափակել է Սերոբ Խաչատրյանը: