Դու ով ես, որ ուրիշի ծառային ես դատում
Ժողովուրդ ջան¸ լավ է¸ որ ուզում եք Աստվածահաճո կաթողիկոս ունենալ մեր Հայոց հայրապետական գահին¸ բայց վատ է¸ որ Աստծո Խոսքին հակառակվելով եք ուզում ձեր նպատակներին հասնել։ Մինչդեռ Ավետարարանով Տեր Հիսուսն ասում է. ՚՚Ձեր ներսը մաքրեք ու ամեն բան մաքուր կլինի՚՚¸ այսինքն¸ եթե ժողովուրդը պատվիրանապահ լինի¸ ապա Տերը նրանց արժանի կաթողիկոս կընտրի¸ այլապես սրբակենցաղ կաթողիկոսին քարկոծելով (նաև խոսքով) կայպանեն¸ կամ կսպանեն և Աստծո պատժին կենթարկվեն¸ ինչպես որ եղել է պատմության ընթացքում։
Փավստոս Բուզանդի խոսքերով՝ Հուսիկ Պարթև կաթողիկոսը հովվել է Քրիստոսի բանավոր հոտը և խրատել Ավետարանի պատգամներով: Սակայն Տիրան թագավորը ու առավելապես իշխաններն սպանություններ են գործել, զուր տեղն անմեղ արյուն թափել եւ ուրիշ շատ մեղքեր գործել: Կաթողիկոսը նրանց խիստ պատուհասել է անօրինության, պոռնկության, արվագիտության, արյունահեղության, զրկողության, հափշտակության, աղքատեցության ու սրանց նման ուրիշ շատ մեղքերի համար, թշնամի է դարձել բոլոր նրանց, ովքեր օրենքից դուրս են եկել: Թագավորի եւ կաթողիկոսի հարաբերությունները հետզհետե լարվել են այն աստիճանի, որ Հուսիկ կաթողիկոսը Մեծ Ծոփք գավառի Բնաբեղ բերդում արգելել է Տիրան արքային մեծամեծ իշխանների հետ եկեղեցի մտնել՝ ասելով. «Արժանի չես, ինչո՞ւ ես եկել. ներս մի՛ գա:
Խիստ զայրացած Տիրան թագավորը կարգադրել է կաթողիկոսին ծեծել հենց եկեղեցու մեջ, նա բրածեծ եղած, ջախջախված, խոշտանգված ու կիսամահ թողնվել է եկեղեցու հատակին: Եկեղեցու սպասավորները նրա մարմինը տարել են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղ, որտեղ նա շատ չանցած վախճանվել է եւ հողին հանձնվել Գրիգոր Լուսավորչի շիրմի հարեւանությամբ՝ աթոռակալելով, ըստ պատմահոր, վեց տարի:
Շուտով Հուսիկ կաթողիկոսի ճակատագրին է արժանացել կաթողիկոսության թեկնածու՝ ազգությամբ ասորի քորեպիսկոպոս Դանիելը:
Սա եղել է Գրիգոր Լուսավորչի աշակերտը եւ նրա կողմից նշանակվել է Տարոնի նահանգի եկեղեցիների, որոնք կազմում էին հայոց առաջին կաթողիկոսի սեպհական իշխանությունը՝ վերակացու եւ գլխավոր, ինչպես նաեւ այդ կողմի դատավորական իշխանության գործակալ: Թագավորի եւ քորեպիսկոպոս Դանիելի հանդիպումը տեղի է ունեցել Աղձնյաց գավառի Բառաէջ ավանում:
Փորձելով ճիշտ ճանապարհի բերել Տիրան արքային՝ նա վերջինիս բացահայտ մեղադրել է կռապաշտության մեջ՝ ասելով. «Ինչո՞ւ դուք մոռացաք ձեր արարիչ Աստծուն, Նրա՝ ձեզ ցույց տված գութը, հրաշքները եւ խրատները, որ կատարեց ձեր հայրերի ու ձեր հանդեպ, իսկ դուք էլ դարձաք ձեր նախնիների մոլար կռապաշտության՝ ատելության, ագահության, զրկողության, աղքատներին հարստահարելու, պոռնկության, նենգության, միմյանց զրկելու, սպանությունների»: Դանիելը թագավորին մեղադրել է նաեւ կաթողիկոսին սպանելու մեջ: Պատասխանը չի հապաղել:
Որքան էլ մեծամեծ նախարարները փորձել են թագավորին հետ պահել Դանիելին պատժելուց, Տիրանի հրամանով նրա պարանոցը պարան գցելով՝ խեղդամահ են արել: Եկեղեցու սպասավորները նրա դին բերել են Տարոն եւ թաղել Հացյաց դրախտ կոչված վայրում:
Հարգելիներ, Աստծո Տան` այսինքն Եկեղեցու գործերը միայն Աստծուն է պատկանում ու միայն Ինքը գիտի մարդկանց սրտերը։ Այդ պատճառով Տերը մեզ զգուշացնում է. ՚՚Դու ով ես¸ որ ուրիշի ծառային ես դատում՚՚¸ մանավանդ կաթողիոսին…չմոռանանք գահերից իջեցնողն ու գահ բարձրացնողը Աստված է…
Այնպես որ այս կարևոր հարցում գոնե տեր լինենք մեր ամենօրյա աղոթքին¸ երբ ասում ենք. ՚՚Թող Քո կամքը լինի երկրի վրա¸ ինչպես Երկնքում է…:
Մերուժան Բաբաջանյան