Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք
Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևեց նախարարների կարճատև առանձնազրույցը։
Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ըդնգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: “Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է։”
Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։
Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբեյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։
Անդրադառնալով իրաքահայ համայքնին` Նուրի Ալ-Մալիքին ասաց. “Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման։”
Նույն օրը կայացավ Հայաստանի արտգործախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի փոխնախագահը նշեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին և այդ գործում կարևորեց Բաղդադում և Երևանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը և բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծեց, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգյանի ողջյուններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրաքի Նախագահ Ջալալ Թալաբանիին։
Հանդիպանն անդրադարձ կատարվեց քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության բանագավառներում երկկողմ համագործակցությանը ։
Իրաքի փոխնախագահը ներկայացրեց երկրում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը։
Փետրվարի 17-ին Բաղդադում կայացան Հայաստանի և Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշիար Զեբարիի բանակցությունները։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բաղդադ՝ Հոշիար Զեբարին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցությանը։ “Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով և այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առևտրաշրջանառության շեշտակի աճ”, ասաց Իրաքի արտգործնախարարը։
Շնորհակալություն հայտնելով Բաղդադ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նշեց. “Իրաքի և Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը, ինչն էլ ամուր հիմք է հանդիսանում երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար:”
Նախարարների հանդիպմանը անդրադարձ արվեց երկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանն ու Հոշիար Զեբարին գոհունաթյամբ արձանագրեցին տարբեր բնագավառներում հայ-իրաքյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական պայմանաորվածությունների իրագործման դինամիկան։
Նախարար Նալբանդյանն իրաքցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության գործադրովող ջանքերը՝ բարձր գնահատելով Իրաքի հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի վերաբերյալ։
Նախարար Զեբարին մանրամասն ներկայացրեց իրաքյան կառավարության ջանքերն` ուղղված Իրաքում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխանքները:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Իրաքի արտործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։
Նախարար Նալբանդյանն այցելեց Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում ունեցավ Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք լայնորեն լուսաբանվեց տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների կողմից։