Ինձ ու Րաֆֆիին հանդիպում էին երեխաներ ձեռքերը բաց. Արմենուհի Հովհաննիսյան
Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը “ Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանը անդրադարձավ շուրջ 14 տարի գործող իր հիմնած բարեգործական հասարակական կազմակերպության գործնեությանը:
Նա նշեց, որ կազամակերպությունը իր հոգածության տակ է առել Երևանում՝ 100 երեխայի, իսկ Վանաձորում ռոք երգիչ Սերժ Թանկյանի օժանդակությամբ ևս 80–ի ։
Տեղեկացրեց նաև, որ բարեգործության շրջանակներում Երևանում 50 ծերեր առավոտյան նախաճաշելու հնարավորություն են ստանում, իսկ այսօրվանից նաև Վանաձորում առայժմ 10 մեծահասակ նման հնարավորություն կունենա, իսկ հետո նրանց թիվը կավելացվի:
“Տասնչորս տարի առաջ մենք նպատակ չունեինք կազմակերպություն ստեղծելու, պարզապես այդ տարիները դժվարին էին, ու ինձ ու Րաֆֆիին հանդիպում էին երեխաներ ձեռքերը բաց, որոնք իրենց ընտանիքի համար մի կտոր հաց էին վաստակում: Դրանից հետո մենք մտածեցինք, որ գոնե 15 երեխայի կարող ենք կերակրել, տաք անկյուն տալ: Բայց յուրաքանչյուր գործ ունենում է իր ճակատագիրը”,- ասաց Արմենուհի Հովհաննիսյանը:
Արմենուհի Հովհաննիսյանն նկատեց, որ կենտրոնում արհեստ սովորած երեխաների շուրջ 50 տոկոսը կարողանում է օրվա հաց հայթհայթել:
Նա ընդգծեց, որ իրենք երեխաներին բացատրում են, որ “Օրրանը” մանկատուն չէ, փակ տարածք չէ և իրենք վերադառնալու են իրենց տուն:
Հովհաննիսյանի խոսքով կենտրոնի երեխաներին բացատրվում է, որ հարկավոր է հեռու մնալ վատ ու կործանարար սովորություններից, որոնց շարքում է ասենք մուրացկանությունը:
“Բոլորս “Գիքորը” կարդալիս մտածել ենք, թե ինչու են մարդիկ չար եղել այդ երեխայի նկատմամբ, բայց այսօր մենք հաճախ ենք անտարբեր անցնում նման երեխաների կողքով: Բարեգործությունը վարակիչ է: Ես բարեգործություն եմ անում, որովհետև եսասեր եմ, դա տալիս է կյանքի իմաստ, ես հրճվում եմ դրանցով, ես հպարտանում եմ դրանցով, ես բարձին գլուխս դնում եմ ու մտածում եմ՝ կարողացա՞ մեկի մատից փուշ հանել”,-հավելեց նա: