Լավագույն ուսուցիչների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու ենք. Սերժ Սարգսյան
՛՛Ճիշտ չէ, երբ դպրոցում մեկ ուսուցչի փոխարեն աշխատում են երկու-երեքը, քանի որ աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի՛՛,-այսօր ԵԿՄ համագումարում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ապա հավելեց.
՛՛Վերջին տարիներին կտրուկ բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձերը, բայց որին հարցնում ես, ասում է՝ էական փոփոխություն չկա մեր աշխատավարձում: Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի ու այնքան, որքան պետությունն է նախատեսել ու որքան անհրաժեշտ է, որ ինքը իր էլեմենտար կարիքները կարողանա հոգալ՛՛:
Նախագահը վստահեցրեց, որ այս ոլորտում նոր բարեփոխումներ են նախատեսվում, լավագույն ուսուցիչների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու են: ՛՛Նրանք 3-4 անգամ ավելին են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է՝ 158 հազ. դրամ: Բայց նրանք պետք է լինեն լավագույնը իրենց ոլորտում՛՛,-ընդգծեց նա:
Վարդենիկի թիվ 2 դպրոցի թոշակառու տնօրենի դիտարկմանը, թե դպրոցներում զանգվածային կրճատումներ են արվում՝ աշակերտների թվի նվազման պատճառաբանությամբ կրճատվում են անգամ տնտեսվարներ, հավաքարարներ, ՛՛էլեկտրիկներ՛՛, նախագահն արձագանքեց, որ բոլորը պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ երբ ժամանակը գալիս է, պետք է գնալ վաստակավոր հանգստի:
՛՛Ես առաջին անգամ եմ լսում, որ մեր դպրոցներում չպետք է լինեն հավաքարարներ, տնտեսվարներ: Այդպիսի բան լինել չի կարող: Ինչպես հայտնի է, դպրոցական ֆինանսավորման մեջ մենք ներառում ենք դա և, այո՛, ինչ արած, աշակերտների թվաքանակով է ֆինանսավորվում … Եթե կոնկրետ այս պարագայում, ձեր դպրոցում կրճատվել է հավաքարար կամ, ինչպես դուք եք ասում էլեկտրամոնտյորի հաստիք, կարծում եմ՝ Արմեն Աշոտյանը երկուշաբթի օրը տեղյակ կպահի, թե ինչ պատճառներով՛՛,-եզրափակեց Սերժ Սարգսյանը: