Ռուսաստանում դեռ շարունակում են մտածել, թե Արևմուտքն իրենց որպես թիվ մեկ թշնամի է ընկալում
”Խորհրդային Միության ապամոնտաժումը նպատակ ուներ առանձնացնել ազգային հանրապետությունները Ռուսաստանից, և այդ բաժանումը տեղի ունեցավ միջհանրապետական վարչական սահմանները որպես միջպետական սահման ճանաչելու միջոցով: Այժմ, երբ ”Արաբական գարնունն” արդեն երաշխավորված կերպով պահանջված արդյունքներն է տալիս, հետխորհրդային տարածքն է թևակոխել վերաֆորմատավորման նոր փուլ: Այս փուլն առավել բարդ է լինելու Ռուսաստանի և, նրա պետական սահմանների երկայնքով, սակայն դրանցից դուրս մնացած, Ռուսական Աշխարհի համար: Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները, վաղ թե ուշ, հանգեցնելու են նրան, որ ՌԴ-ին հարող, գերազանցապես ռուսներով և ռուսախոս այլազգիներով բնակեցված շրջանները կդառնան կոնֆլիկտածին օջախներ՝ անկախ Ռուսաստանի և իր հարևանների իշխող վերնախավերի կամքից և նպատակադրումներից: Արդեն իսկ Ռուսաստանում (պետական մակարդակում) կոնկրետ գործողություններ են նախաձեռնվում պետության հետագա զարգացումը կանխորոշող ֆինանսա-տնտեսական ակտիվությունը երկրի արևելյան շրջանները տեղափոխելու ուղղությամբ: Գուցե ռուսական կառավարող վերնախավի համար ավելի հեշտ կլիներ կողմնորոշվել, եթե այն կարողանար գործընթացների տրամաբանությունը վերծանել ոչ գռեհիկ-նյութապաշտական աշխարհընկալմանը բնորոշ հասկացությունների միջոցով (սակայն, դատելով ամեն ինչից, առայժմ դրա համար անհրաժեշտ նախադրյալները չեն նշմարվում), այն տպավորությունն ունեմ, որ Ռուսաստանում դեռ շարունակում են մտածել, թե Արևմուտքն իրենց որպես թիվ մեկ թշնամի է ընկալում: Կարծում եմ, որ իրավիճակն ավելի վատն է. Արևմուտքն այսօր ընկալում է Ռուսաստանին ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես սեփական նպատակները կյանքի կոչելու համար հարմար գործիք”,-Facebook-յան իր էջում գրել է Արման Մելիքյանը: