19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հետևանքները լինելու են բավականին տխուր, եթե ոչ ողբերգական. Ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կառավարություն կազմավորելու շուրջ: «Ծառուկյան» դաշինքը, որն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, կարծես թե պատրաստ է գնալ կոալիցիայի: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքը ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և չորս նախարարական պորտֆելներ: Դաշինքի ներկայացուցիչները վստահ են, որ իշխանության ներսում լինելը օգնելու է իրենց ավելի լավ նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման բան մտածելու համար կան առնվազն մի քանի հիմնավորումներ:

ՀՀԿ-ական օլիգարխիան հայտնվել է ձգողականության ուժից կտրված մարմնի վիճակում, որը լողում է տարածության մեջ, չհասկանալով, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն: Որքան էլ ՀՀԿ առաջնորդները ինքնավստահ դեմքի արտահայտություն ընդունեն՝ ցույց տալու համար, որ իրավիճակը իրենց կողմից վերահսկվում է, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանում ձևավորվում է նոր իշխանություն, որի մեջ ՀՀԿ-ն չկա, ու չի լինելու:

Օլիգարխիան նոր տանիք է փնտրում, և այդ տանիքը կարող է լինել «Ծառուկյան» դաշինքը: Օլիգարխիայի ներկայացուցիչները չեն պատկերացնում, որ կարող են անդամագրվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որովհետև այն իրենց համար խորթ և անհասկանալի կառույց է: Նրանք մտավախություն ունեն, որ իրենց այնտեղ չեն էլ ընդունի, որովհետև այդ կուսակցությունում չկան իրենց տեսակի ներկայացուցիչներ:

Մինչդեռ, ԲՀԿ-ն հենց օլիգարխիայի կուսակցություն է, ստեղծված պատշտպանելու օլիգարխիայի շահերն ու իրավունքները: Որքան էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձի հրաժարվել օլիգարխ լինելու պնդումներից, նա օլիգարխիայի տիպիկ ներկայացուցիչ է, քանի որ օլիգարխը խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչն է, որը տիրապետում է քաղաքական իշխանության:

Եթե ԲՀԿ-ն իսկապես նոր իշխանության և կառավարության մեջ զգալի ներկայացվածություն ունենա, ապա ՀՀԿ-ական օլիգարխիայի ներկայացուցիչները արագ կվերակողմնորոշվեն դեպի ԲՀԿ՝ որպես իրենց համար առավել հասկանալի կառույց, որը ընդունակ կլինի ներկայացնել իրենց շահերը ապագա իշխանության մեջ: Համախմբելով ավելի մեծ թվով և ավելի մեծ կարողություններ ունեցող գործարարների, Ծառուկյանին կարող է թվալ, որ ինքը մեծացնում է հաջորդ ընտրություններում իր ղեկավարած կառույցի հաջողության հավանականությունը:

«Ծառուկյան» դաշինքի հաջորդ թիրախը հանրապետական համայնքապետերն են: ՀՀԿ-ական համայնքապետերից շատերը, մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելը, հայտարարում էին, որ հրաժարվում են ՀՀԿ անդամությունից և միանում են համաժողովրդական շարժմանը: Հիմա երբ ՀՀԿ-ն փաստացի իշխանություն չունի, փախուստը ՀՀԿ-ից մասսայական բնույթ է ստանալու: Ուղղակի համայնքապետերը ցանկանում են հասկանալ, թե դուրս գալով ՀՀԿ-ից, ուր պետք է գնալ: Արդեն տեղեկություններ կան, որ նրանցից շատերը ինտենսիվորեն բանակցում են ԲՀԿ-ի հետ, համարելով որ ամենաապահով հանգրվանը հենց այնտեղ է: Եթե ԲՀԿ-ն ապագա կառավարությունում ստանում է զգալի ներկայացվածություն, ապա դառնում է այն ձգողականության կենտրոնը, որտեղ կհավաքվեն ՀՀԿ-ից պոկվող բոլոր բեկորները:

Լավ է դա ԲՀԿ-ի համար, թե վատ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա միայն ուժեղացնելու է ԲՀԿ-ին, քանի որ այդ կուսակցությունը ստանալու է մարդկային և ֆինանսական ռեսուրսի զգալի համալրում: Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հասնել խորհրդարանի լուծարմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, այդ ռեսուրսը պետք է միայն օգնի ընտրություններում ավելի լուրջ արդյունքների հասնելու համար: Բայց սա ճիշտ է միայն առաջին հայացքից:

Նախ հիշենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից սկսած տեղի են ունեցել երեք խորհրդարանական ընտրություններ, որոնց բոլորին էլ ԲՀԿ-ն մասնակցել է որպես իշխող ՀՀԿ-ին այլընտրանք, հանդես գալով ընդդիմության դիրքերից: Կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագրի» հետ, ԲՀԿ-ն զրկվում է ընդդմություն լինելու առավելությունից: Նույնիսկ հեղափոխության առաջնորդին ընդդիմություն լինելը քաղաքական առումով ավելի շահեկան է, քան նրա կցորդ լինելը:

Բայց կա ավելի վտանգավոր հանգամանք: Հայաստանում հեղափոխությունը սկսվել է, բայց այն չի ավարտվել: Եթե ԲՀԿ-ն իսկապես իր շուրջ համախմբի ՀՀԿ-ական օլիգարխիայի, չինովնիկների ու համայնքապետերի կաստային, ապա հեղափոխության դաշնակցի ներկայիս կարգավիճակից կվերածվի հեղափոխության հերթական թիրախին: Հեղափոխության հաջորդ նպատակը կլինի խորհրդարանական ընտրություններում թույլ չտալ ԲՀԿ-ի հաղթանակը, որպես ՀՀԿ-ի նոր դեմքով ռեստավրացիայի հնարավորություն:

Բոլոր այն ԲՀԿ-ականները, ովքեր այսօր ոգևորված են իրենց նկատմամբ առկա հետաքրքրությամբ, կամ արդեն մտածում են իշխանությունից ակնկալվող բարիքների և կարգավիճակի մասին, պետք է նկատի ունենան, որ դա տևելու է չափազանց կարճ, իսկ հետևանքները լինելու են բավականին տխուր, եթե ոչ ողբերգական:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ