Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը
Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլանեն շրջանակները.
”Հատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը առաջինն էր Հայաստանի և Չինաստանի քաղաքների պատմության մեջ, և մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում։
Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, թե փորձի փոխանակման, թե կոնկրետ ծրագրերի շրջանակներում”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը և հույս հայտնել, որ Չինաստանի այլ քաղաքների հետ ևս կծավալվի համագործակցություն ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Չժոու Լին իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը.
”Մենք ևս կարևորում ենք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումն ու խորացումը, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից կարվի հնարավորը, որ երկուստեք համագործակցություն հաստատվի նաև Երևանի և Չինաստանի այլ քաղաքների միջև նույնպես: Առաջընթացն ու զարգացումն այսօր Երևանում ակնհայտ է, և ես վստահ եմ, որ երկուստեք համագործակցության համար ունենք մեծ ներուժ”,-նշել է Չժոու Լին:
Կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` Երևանի քաղաքապետը առանձնացրել է այն ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել գործակցությունն ընդլայնելու համար.
”Քաղաքների զարգացման հարցում տնտեսապես զարգացած երկրների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն իսկապես կարևոր է: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների շարունակական զարգացման սկիզբն արդեն դրված է:
Վստահեցնում եմ, որ մենք բաց ենք համագործակցության համար և պատրաստ քննարկելու կոնկրետ առաջարկներ` այն էլ ավելի ընդլայնելու ու գործնական փուլ տեղափոխելու համար”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն