Մինասյան-Համբարյան բանավեճը վերածվեց կռվի ու անժամկետ նստացույցի (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել էինք, որ Շիրակի պետական համալսարանի մոտ ժամը 12:00-ից բողոք է. ուսանողները, նախկին ու ներկա որոշ դասախոսներ հավաքվել են համալսարանի մոտ և պահանջում էին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նշենք, որ նա նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար է:
Հրաժարականի պատճառը դարձել է, երեկ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի աշխատանքից հեռացումը, ով համարում է անօրինական այդ որոշումը, թեև այսօրվա բողոքի ակցիային ներկա չէր:
Հիշեցնենք, որ Ս. Մինասյանը մեկ ամիս առաջ աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին: Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին:
Ընթերցեցին նախկին ռեկտոր, Աժ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, որ բուհը իմն է, ձերն է, մերն է ու ես միանում եմ պայքարին: Նույնատիպ ուղերձ էր հղել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև Սահակ Մինասյանը, ով փորձեց իր փաստարկները ներկայացնել ու սկսվեց բուռն բանավեճ, կրքերը թեժացան ու հնչեցին միմյանց ուղղված մեղադրանքներ:
Ս. Մինասյանը հեռացավ, իսկ բողոքող ուսանողները ռեկտորին մինչև ժամը 14:00-ը ժամանակ տվեցին հրաժարական տալու համար, սակայն պատասխան չստանալով՝ ուսանողները մտան բուհի շենք:
Գագիկ Համբարյանը փորձեց հանդիպել Սահակ Մինասյանի հետ, սակայն պարզվեց, որ ռեկտորն այնտեղ չէ: Ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց հայտարարեցին, նշելով, որ գիշերելու են բուհում՝ ՝ սպասելով ԿԳ նախարարի պաշտոնակատարի այցին:
Թեժ բանավեճը տեսանյութում: