«Ելք»-ում հիմա չկա որևէ տարաձայնություն. Մարուքյան
««Ելք»-ում չկա տարաձայնություն: Կային սկզբունքային որոշ հարցեր, քննարկումներ, հիմա որեւէ տարաձայնություն չկա, նոր իրողություն է, նոր իրավիճակ է, իրականացվեց թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջապես եւ կանգնենք բոլոր եւ աջակցենք հեղափոխության կապիտալիզացիային եւ նյութկանացմանը՝ հանուն երկրի փոփոխությունների»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե մայիսի 8-ից հետո Աժ կանոնակարգ օրենքի կազուս չի առաջանում՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում այլևս ընդդիմություն չի լինելու, ինչը կանոնակարգ օրենքի պահանջ է, Մարուքյանը պատասխանեց, որ հիմա որևէ բան չեն քննարկում:
«Դա կլինի, ժողովրդական լեզվով ասած, ձուկը ջրում խոսակցություն: Մայիսի 8-ին բոլորի հույսով Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, որից հետո արդեն կխոսենք»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, թե ըստ էության՝ ֆորս-մաժորային իրավիճակ է, և պարզ չէ՝ ով է կայուն մեծամասնությունը: