«Սիրո ու համերաշխության» հեղափոխությունը վերածվել է ՀՀԿ կանանց հալածելու ստոր ակցիաների. Հրապարակ
Ամեն ինչ հասկանալի է՝ եւ անափ զայրույթը՝ ուղղված ՀՀԿ-ին, որը վաղուց սպառել է հանրային վստահության ռեսուրսը, եւ այս հաղթական էյֆորիան, որն ապրում է շարքային մարդը, ով հանկարծ զգացել է իր ուժը: Եվ մինչեւ վերջ գնալու ու բոլոր ՀՀԿ-ակւսններին՝ մինչեւ վերջին մարդը վռնդելու մարմաջը: Եվ երախտագիտության զգացումը՝ առ Նիկոլ, որը հանդգնեց ու հաջողեց՝ իրականացնելով հասարակության տասնամյակների երազանքը՝ իշխանափոխությունը:
Բայց բաներ կան, որ չեմ հասկանում եւ չեմ պատրաստվում հասկանալ: Օրինակ, թե ինչպես կարող է «բաց ձեռքերի», «սիրո ու համերաշխության» հեղափոխությունը վերածվել ՀՀԿ անդամներին, հատկապես կանանց հալածելու ստոր ակցիաների, երբ նրանց դռների մոտ սգո ծաղկեպսակներ են դնում եւ լուտանքներ տեղում նրանց հասցեին: Ինչպես կարող է մտածող մարդը չհասկանալ, որ հասարակությունը չի կարող կազմված լինել բացառապես հեղափոխության «հերոսին» փառաբանողներից, նրան չսիրողներ, կասկածողներ, չվստահողներ էլ կարող են լինել:
Ինչպես կարելի է ծեփել բոլոր քննադատողների «բերանը»՝ հայտարարելով, որ դուք վարկաբեկում եք հեղափոխությունը, դուք ծառայում եք Հանրապետականին: Եվ, վերջապես՝ բոլորովին չեմ հասկանում օրեցօր ծավալվող այս կռապաշտությունը, ավելի ճիշտ՝ նիկոլապաշտությունը: Կասեք՝ չկա պաշտամունք: Եթե անգամ բացառենք փողոցներում ու հրապարակներում էքստազի մեջ ընկած «Նիկոլ-վարչապետ» վանկարկումները, ապա երեկվա ստացածս ձոնը բավական է պատկերացնելու համար, թե դա ինչ վտանգավոր չափերի է սկսել հասնել: «Դեմոսթենեսի նման պերճախոս, Սոլոնի պես ճիշտ, Լիկուրգի պես խիստ, Թեմիստոկլեսի նման հանճարեղ… Դու ազատության Նելսոն Մանդելա, մեր ճակատագրի Մահաթմա Գանդի, մեր խենթ առաջնորդ, մեր Չե Գեւարա»՝ իր կուռքին է դիմել հեղինակը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: