Կարո՞ղ է ուզում են վերադառնալ կոալիցիա /վիդեո/
”Որքանով տեղյակ եմ, դեռևս միասնականություն ոչ իշխանական խորհրդարանական ուժերի միջև չկա: Տարաձայնությունները հարթվում են, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է, մեր տեսակետը շատ հստակ է` կառավարությունը չափից ավելի պատասխանատու պետական մարմին է, որպեսզի քաղաքական շահարկումների կամ նեղ կուսակցական հաշվարկների բավարարման հիման վրա քայլեր ձեռնարկի ու հիմք տրվի ինչ-որ ոչ քաղաքական ոչ տնտեսական հիմքեր չունեցող գործընթացին”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում, որ ոչ իշխանական չորս ուժերը պահանջելու են կառավարության անվստահությունը:
Աշոտյանի համար հասկանալի չէ, թե ինչ շահեր են հետապնդում այս չորս ուժերը: ”Ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու է ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եթե ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան, այսինքն` համագործակցում են իշխանության հետ, եթե այդպես է, ապա ցավալի է, քանի որ ընդհանրապես չունենք ընդդիմություն”,-նկատեց նա:
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց նաև, որ այս ուժերը փորձում են սոցիալական խնդիրների միջոցով իրենց շահերն առաջ տանել, սակայն վստահ է, որ քաղաքացիական հասարակությունը դա թույլ չի տա: Այս նախաձեռնության նպատակների մասին Աշոտյանը ևս մեկ տարբերակ առաջ քաշեց.
”Կարո՞ղ է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, բայց Տիգրան Սարգսյանի անհատական կերպարն է իրենց խոչընդոտում”: