Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում. Աշոտյանը՝ Փաշինյանին
ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի համատեղ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանը նախ ցիտեց Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե ինչ վատ ազդեցություն է ունեցել ԵՏՄ-ը ՀՀ-ի վրա, ընդհուպ մինչև ապրիլյան պատերազմ ու տարածքների կորուստ:
«Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵՏՄ ազդեցությունը շատ վատ էր ՀՀ-ի համար, իսկ հիմա հայտարարում եք, որ ՀՀ_ն դուրս չի գալու ԵՏՄ-ից, եթե դուք դառնաք վարչապետ»,-հարցրեց Աշոտյանը:
Փաշինյանն արձագանքեց, որ հիմա նոր քաղաքական իրողություն կա, որի հետ ցանկացած պետական գործիչ պետք է հաշվի նստի, ապա նա հավելեց, որ իրենց շարժման հետ կապված ցանկացած որակում սխալ է: «Մեր շարժումը կա ու կլինի հայամետ, սա մաքուր հայկական ու հայաստանյան շարժում է»,-ընդգծեց վարչապետի թեկնածուն:
Արձագանքելով՝ Աշոտյանը հիշեցրեց ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությունները, ապա ասաց.
«Ես կարծում եմ, որ երբ Հայաստանի ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր այդ հարցերի պատասխանը կարելի էր փակել, ասելով, որ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց»։