18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանի տեսքը կփոխվի

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է 2013 թվականի ընթացքում մայրաքաղաքում կատարված, ինչպես նաև առաջիկա տարիներին նախատեսվող Երևանի զարգացման քաղաքաշինական և ճարտարապետական ծրագրերը:

”Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթներին համապատասխան՝ վերջին տարիներին մշակվել և ներդրվել են քաղաքային տնտեսության զարգացմանը, մայրաքաղաքի գրավչությանն ու գործարար միջավայրի բերելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Այս առումով 2013-2017թթ. նախատեսված քաղաքաշինական ծրագրերը ներառում են ներդրումային նախագծերի մշակման, կառուցման, բարեկարգման մի շարք գործընթացներ, որոնց մի մասն իրականացվել է նախորդ տարում, մյուսները կրում են շարունակական բնույթ և  ուրվագծվում են որպես առաջիկա տարիների ծրագրեր, որոնց հիմնական նպատակը Երևանն ավելի գեղեցիկ, բարեկարգ և ներկայանալի դարձնելն է” ,-նշել է Տիգրան Բարսեղյանը:

Խոսելով առաջիկա չորս տարիների համար նախանշված ծրագրերի մասին՝ Տիգրան Բարսեղյանն առանձնացրել է Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագծերի իրագործմանն ուղղված միջոցառումները: Քաղաքապետարանի կողմից իրականացվելիք առավել կարևոր ծրագրերի շարքում Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է փոքր կենտրոնի կառուցապատման կարգավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի  մշակումը:

ճանապարհային ցանցի կատարելագործմանն ուղված աշխատանքների շրջանակում քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային նոր հանգույցների, ավտոկայանատեղերի կառուցման ուղղությամբ: Տիգրան Բարսեղյանը տեղեկացրել է, որ կշարունակվեն մայրաքաղաքը շրջանցող ճանապարհի կառուցման 2-րդ փուլի աշխատանքները՝ մասնավորապես նշելով Իսակով-Լենինգրադյան ավտոմայրուղին Արշակունյաց պողոտային միացնող նոր ճանապարհի կառուցումը:

Տիգրան Բարսեղյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքաշինական ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձնաց համար հասանելիություն ապահովող ծրագրերի մշակմանը:

Մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով  հատուկ ուշադրություն է դարձվում բակային տարածքների բարեկարգման, խաղահրապարակների կառուցման և կանաչապատման աշխատանքներին: Շարունակաբար կընթանան ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների կազմակերպման և ընդլայնման նախագծերի մշակման աշխատանքները՝ Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց և Մաշտոցի պողոտայի և Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածների, ինչպես նաև Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման և նոր այգիների ստեղծման նախագծման աշխատանքներ:

Անդրադառնալով վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով նոր բազմաբնակարան շենքերի կառուցման հարցին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը նախ ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում այս ուղղությամբ երկու շենքերի կառուցման աշխատանքներն ու ապա նաև տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսված է նոր շենքերի կառուցում, որոնք ամբողջությամբ կլուծեն  4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրը:

Առաջիկա տարիներին նախանշված ծրագրերի շարքում են նաև Մխիթար Հերացու փողոցում  հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիայի,  Օրբելու փողոցում կառավարման ակադեմիայի շենքերի կառուցումը:

Ներկայացվել է նաև, որ 2013 թվականի ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել են նոր հուշարձաններ, ”Էրեբունի-Երևան” տոնակատարության շրջանակում առաջին անգամ կազմակերպվել է Երևան քաղաքի զարգացման  ճարտարապետական նախագծային առաջարկությունների  ”վերնիսաժային” ցուցադրությունը: Կազմակերպվել է  նաև Հանրապետության հրապարակի և վարչական շրջանների 5 այլ հրապարակների հայեցակարգային մրցույթների անցկացումը։

Տիգրան Բարսեղյանը նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում Աբովյան փողոցում դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի արձանախումբ-հուշարձանի, Ավան վարչական շրջանում Մարշալ Բաղրամյանի արձանի, Գլխավոր պողոտայի տարբեր հատվածներում Գարեգին Նժդեհի և Կարեն Դեմիրճյանի հուշարձանների, կառուցապատող և բարերար Երվանդ Տեր-Ավետիքյանի  կիսանդրու,  ինչպես նաև Սիլվա Կապուտիկյանի, Գրիգոր Նարեկացու, Ջիվանու, Հրանտ Շահինյանի և Կիմ Երիցյանի հիշատակը հավերժացնող հուշարձանների տեղադրման ուղղությամբ։ Պիզարո քաղաքում էլ կտեղադրվի Երևան և Պիզարո քաղաքների բարեկամությունը խորհրդանշող խաչքար-հուշարձան: Առաջիկայում Երևանի և Մոսկվայի քաղաքապետարանների կողմից նախատեսվում է հայտարարել բարեկամության շատրվանի ճարտարապետական բաց մրցույթ՝ Երևանի Ռուսաստանի հրապարակում։

Քաղաքապետարանը հետևողական աշխատանք է  տանում կառուցապատողի կողմից պարտավորությունների կատարման, մասնավորապես անավարտ  շինություններն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ: Մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի բարելավման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք աշխատանքներ՝ կապված շենքերի ճակատային հատվածներում սահմանված չափորոշիչներին անհամապատասխան գովազդային պաստառների ապամոնտաժման հետ:

Ըստ նրա` Երևանն ավելի գեղեցիկ ու բարեհաճո է դառնալու: Մայրաքաղաքում կառուցվելու են նոր հյուրանոցներ` համարժեք արտասահմանյան բրենդներին, ինչպես նաև տեղադրվելու են հայտնի ու սիրված անձանց արձանները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ