25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն եւ հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների եւ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ; Երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարի պաշտոնակատարին, որոնց հիմնական մասը վերաբերել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երեւանյան երթերին ու հավաքներին, խոսել հատկապես զինված ուժերի հետ որեւէ կերպ առնչված ելույթների մասին, անդրադարձել նաեւ օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ։ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, եւ բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել, նշելով, որ դրանք շահարկողները չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների ու ոտնձգությունների մասին։

Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերն ամեն րոպե հետեւում են հակառակորդին ու պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարեւոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլեւ իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ