18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տնօրհնեքի արարողություն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում

 Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու “Հավատամք” հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։

Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը նշեց, որ Տյառնընդառաջի նախօրեին “Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո” խորագրով միջոցառումների շարք է կազմակերպվել, այցելություններ են եղել զորամաս, մանկատուն, կրթօջախներ, և հերթական կանգառը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն էր։ “Երիտասարդական հիմնադրամ այցելությունը շատ կարևոր է, քանի որ այս հաստատությունն իր մասնակցությունն է բերում եկեղեցու գործունեությանն ու առաքելությանը։ Եկեղեցին միայն քարե շինությունն ու հոգևորականները չեն։ Եկեղեցին կենդանի է, շնչում է իր հավատացյալներով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցության նպատակն է համատեղ ծրագրերով հանրությանը փոխանցել հոգևոր, ազգային գիտելիքներ”,- նշեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց Տյառնընդառաջի նախօրեին “Հավատամք” կենտրոնի անդամների այցելությունը՝ նշելով, որ հիմնադրամը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու հետ, որոնց մասնակից են դառնում բազմաթիվ ուսանողական ու հասարակական կազմակերպություններ։ “Կեսկատակ-կեսլուրջ ուզում եմ ասել, որ վերջին շրջանում երիտասարդական հիմնադրամի չարախոսները շատացել են, և Տնօրհնեքի արարողությունն անհրաժեշտությունն էր դարձել՝ նման չարախոսությունները եկեղեցական այս արարողությամբ վանելու և չարակամ մարդկանց փոքր-ինչ բարությամբ պարուրելու համար”,- նշեց Կարեն Ավագյանը՝ նաև կոչ անելով բոլոր հավատացյալներին ավանդույթ դարձնել Տնօրհնեքի արարողությունը՝ այն պարբերաբար անցկացնելով և՜ ընտանիքներում, և՜ տարբեր հաստատություններում։

“Հավատամք” կենտրոնի անդամները, յուրաքանչյուր հաստատություն այցելելով, նվիրում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար՝ դրանով փոխանցելով այն հույսն ու ջերմությունը, որ Քրիստոս կարող է բերել յուրաքանչյուր քրիստոնյայի։

Տնօրհնեքի արարողությունն ուղեկցվում էր “Հավատամք” երգչախմբի կատարումներով։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ