Դուք Նիկոլ Փաշինյանին պարտվել եք, տիկի՛ն Փոստանջյան. Գրիգոր Մինասյան
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը ավագանու նիստին նշեց, որ քանի որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն անընդհատ շեղվում են օրակարգից ու այս հարթակն օգտագործում են իրենց կուսակցության ճգնաժամից դուրս գալու միջոց պետք է ընդգծել հետևյալը. «Մինչև Կարեն Կարապետյանի կողմից Հայաստանի ղեկը իր ձեռքը ամբողջովին վերցնելը, երբ մեր երկիրը գտնվում էր քաոսային վիճակում, երբ մարզերում ու քաղաքներում տիրում էր կատարյալ անարխիա, մեկ լուսավոր կետ կար, մեկ ուրախություն, որին կանատես եղավ ամբողջ հայ ժողովուրդը, դա Զարուհի Փոստանջյանին հեղափոխական հարթակից դուրս շպրտելն էր»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ Զարուհի Փոստանջյանը հանրահավաքի ժամանակ փորձում էր խոսափողը վերցնել հարթակի ներկայացուցիչներից, ու մարդիկ ստիպված էին արդեն երկրորդ անգամ ուժ գործադրել: «Այսօր պարզ դարձավ, որ տիին Փոստանջյանը բավականին հաստ կաշի ունի, թվում էր, թե տնից պիտի դուրս չգա, պիտի հետևություններ անի, ի վերջո, մենակ չեք, ունեք 2 գործընկեր:
Մեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մեր երկրում փոխվեց շատ բան, մեր երկիրը ժողովրդավարական երկրների սանդղակում մի քանի աստիճան բարձրացավ, ընդդիմությունն է փոխվել նաև, էլ հնարավոր չի լինելու ակցիաներով, ջուր շփելով արդյունքի հասնել, հասարակությունը մի քանի քայլ զարգացել է, ակնհայտ է, թե ով է ընդդիմություն, քաղաքական դաշտը շատ պարզացել է:
Ի դժբախտություն ձեզ՝ Նիկոլ Փաշինյանն է դարձել ընդդիմադիր ամենաակնհայտ լիդերը, և դուք նրան պարտվել եք, տիկի՛ն Փոստանջյան: Մի ամիս հետո՝ ավագանու նիստին, հուսամ, որ ձեզ կտեսնենք փոփոխված»,-ասաց Գրիգոր Մինասյանը:
Ըստ նրա՝ Զ. Փոստանջյանը կորցրել է իրականության զգացումը: