Մշակույթի ոլորտում աշխատավարձները կբարձրանան
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Պողոսյանը խոսել է ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ և տվել պարզաբանումներ:
Այնուհետև, նախարարի տեղակալը մեկ անգամ ևս հաստատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի՝ ս. թ. հունվարի 1-ից աշխատավարձերի 20%-ով բարձրացման որոշումը և նշել, որ թատրոնի ֆինանսատնտեսական բաժնի կողմից կատարվող վերահաշվարկի ավարտից հետո ստեղծագործական կազմը կստանա ավելացված աշխատավարձը:
Միևնույն ժամանակ, Ա. Պողոսյանը տեղեկացրել է, որ ս. թ. հուլիսի 1-ից ՛՛Հայաստանի Հանրապետության 2014 թ. պետական բյուջեի մասին՛՛ ՀՀ օրենքի համաձայն նախատեսվում է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում:
Ա. Պողոսյանը հայտնել է նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական և այլ ծրագրերի այլընտրանքային ֆինանսավորման հարցը կքննարկվի լրացուցիչ: Հայտնում ենք, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ թատրոնի տնօրինությունը ժամանակին և պատշաճ կերպով իրազեկվել է: