”Հո չեմ ստում՛՛. Էլբակյանը՝ թատրոնից եւ ռեկտորի պաշտոնից
ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը չի նշանակվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց Էլբակյանը` հերքելով այսօր տարածված լուրերը, թե ինքն արդեն նշանակվել է ռեկտոր:
”Չէ, չեմ նշանակվել, դրա մասին խոսք ու զրույց չի եղել, չի էլ լինելու` իմ կարծիքով: Զարմանում եմ, որ այդ լուրերը տարածվում են, հենց նոր Մոսկվայից էլ զանգեցին, ասացին` շնորահավորում ենք, բայց իրոք չկա նման բան, ես հո չեմ ստում”,-ասաց Արմեն Էլբակյանը:
Արդյոք կցանկանար զբաղեցնել այս պաշտոնը, հարցրինք:
”Այնտեղ այնքան խնդիրներ կան, գիտեք` այդքան հեշտ է, ես արվեստագետ մարդ եմ, այս աշխարհի մասին ուրիշ բաներ եմ մտածում: Եթե որևէ թատրոնի հարց ծագեր, և ավելի մեծ տարածություն լիներ աշխատելու, որովհետև այս փոքր թատրոնն ինձ նեղ է գալիս իմ այս տարիքի համար և այն ամեն ինչի համար, ինչ որ ես մտածում եմ թատրոնի, նրա զարգացման ու ընթացքի մասին, դա ուրիշ բան, բայց սա այդքան կարևոր պաշտոն չի ինձ համար”:
Հիշեցնենք, որ “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:
Նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանն անժամանակ հեռացավ կյանքից: Որպես փոխարինող շրջանառվում է Արմեն Էլբակյանի անունը: