Մենք այս պահին ունենք շատ հավակնոտ օրակարգ եւ կաշխատենք այդ պայմանագրի ուղղությամբ. Սվիտալսկի
Հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարը և այլ արժեքներ, որոնք կազմում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմքը, շատ կարևոր են ՀՀ շարքային քաղաքացիների համար։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք աջակցում ենք այն համընդհանուր ուժերին, որոնք աջակցեցին՝ հաղթահարելու և լուծում տալու այս քաղաքական ճգնաժամին։ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության և իրավունքի գերակայությունը»:
Նա նաև հավելեց, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այս բոլոր արժեքները շատ կարևոր և շատ թանկ են ՀՀ շարքային քաղաքացիների համար։
Հարցին, թե կարո՞ղ են վերջին իրադարձությունները ազդել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա՝ Սվիտալսկին պատասխանեց. «ԵՄ–ն կարծում է, որ մենք այս պահին ունենք շատ հավակնոտ օրակարգ եւ կաշխատենք այդ պայմանագրի ուղղությամբ։ Մենք կաշխատենք Հայաստանի հետ համաձայնագիրը իրականացնելու համար նույնիսկ ավելի ջանասիրաբար, քան նախկինում էր»։
Խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, դիվանագետը վստահեցրեց. «Մենք սատարում ենք բոլոր կողմերի երկխոսությունը ներկա քաղաքական ճգնաժամը լուծելու համար»։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: