Ինչպես Օլիմպիադայի բացմանը ռուս մեկնաբանները ներկայացրեցին Հայաստանն ու Ադրբեջանը
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որին ողջ աշխարհն էր սպասում, կարելի է անցած համարել: Միայն թե այս արարողության մանրամասները դեռ երկար կքննարկվեն: Կոնկրետ հայերիս համար առավել հետաքրքիր է կոնկրետ մեր եւ հարեւանի առնչությամբ մանրամասները: Ներկայացնում ենք դրանք առանց մեկնաբանության:
Նախ մարզադաշտ դուրս եկան Ադրբեջանի մարզիկները: ”Россия-1”-ի մեկնաբանները նշեցին. ”Այստեղ հետաքրքիր է, որ երկրի դրոշակակիրը Պատրիկ Բրախներն է: Մենք հիանալի գիտենք, որ որոշ երկրներ կանչում են այլ երկրների մարզիկներին և տալիս են քաղաքացիություն”:
Հայաստանի պատվիրակության վերաբերյալ ռուսական ալիքի մեկնաբանները նշեցին. ”Կարելի է պատկերացնել, թե ինչպես Սոչիում կաջակցեն Հայաստանի հավաքականին: Մենք, իհարկե, հաջողություն ենք մաղթում մեր ընկերներին Հայաստանից”:
”Первый канал”-ի աշխատակիցները հետևյալ կերպ մեկնաբանեցին Ադրբեջանի մարզիկների երթը.” Ադրբեջանը երիտասարդ երկիր է: Այն ունի 9 մլն բնակչություն: Անվանումը նշանակում է կրակի երկիր` Ատրպատական: Անվանումը ստացել է հին ժամանակներում նավթի այրման պատճառով”:
Հայաստանի պատվիրակության վերաբերյալ նշվեց.”Դրոշակակիրը դահուկորդ Սերգեյ Միքայելյանն է: Ժամանակին բոլոր օլիմպիականները, և ոչ միայն նրանք, մարզվում էին Հայաստանում` Ծաղկաձորում գտնվող մարզաբազայում: Հայաստանի նախագահը եւս մարզադաշտում է:
Ուշադրություն դարձրեք, որ Հայաստանի դրոշը շատ է նման մեր (Ռուսաստան) դրոշին . միայն մեկ գույնն է տարբերվում մեր դրոշից` նարնջագույնը` Հայաստանում օրհնության գույնն է: Աշխարհի հնագույն քրիստոնեական երկիրն է Հայաստանը”: