Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով.
«Սիրելի Մեր զավակներ,
Վաղը հիշատակի օրն է Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների: Ազգովի վերստին մեր խոնարհումը պիտի բերենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն հավատքի և հայրենիքի:
Ապրիլի 24-ը յուրաքանչյուրիս համար սրբազան օր է, նվիրագործված օր, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքում, եկեղեցիներում և Հայոց ցեղասպանության հուշակոթողների առջև համազգային համախմբվածությամբ հարգանքի տուրք ենք մատուցում մեր սուրբ նահատակներին:
Սիրելի հայորդիներ,
Մեր հորդորն ենք բերում ձեզ՝ մեր ժողովրդի համար նվիրական այս օրը լինել առավել սիրով ու համերաշխ, ամենուր միաբան ու միասիրտ աղոթք բարձրացնել և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունը առ Աստված՝ առաջնորդելու մեր կյանքը խաղաղության, ապահովության և առաջընթացի ճանապարհներով:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունն ու շնորհները լինեն մեզ բոլորիս հետ. ամեն»: