Մինչեւ իր հրաժարականը վարչապետը կկատարի՞ խոստումը
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց կառավարությանն ուղղված իր գրավոր հարցը:
Փաշինյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացնելու կառավարության ծրագրում ներառված այն դրույթը, որով կառավարությունը խոստացել է ՀՀ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար տրամադրել համակարգիչ:
“Ե՞րբ եւ ինչպե՞ս են տասներկու տասներեք ուստարվա առաջին դասարանցիներին տրամադրվելու խոստացված համակարգիչները: Կարո՞ղ եք երաշխավորել, որ համակարգիչները կստանան մինչեւ ձեր կառավարության հրաժարականը”,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն, նախագահական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է տալիս եւ ձեւավորվում է նոր կառավարություն:
Փաշինյանը հայտարարեց, թե գրավոր պատասխան է ստացել, որտեղ նշվում է, որ կառավարության ծրագիրը 2012-2017 թթ. համար է եւ 2012-ի բյուջեով նման միջոցներ սահմանված չեն:
“Կառավարութունը նախագահական ընտրություններից հետո հրաժարական է տալիս, այսինքն` հունիսից փետրվար ընկած ժամանակահատվածը կառավարության միակ շանսն է կատարելու առաջին դասարանցիներին տված խոստումը: Քիչ է, որ չափահաս քաղաքացիներին տված խոստումները մեր կառավարությունը չի կատարում, հիմա էլ անցել է առաջին դասարանցիներին”,-հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը Տիգրան Սարգսյանը ի պատասխան շեշտեց, որ ԱԺ դատին ներկայացված կառավարության ծրագիրը հնգամյա ծրագիր է: Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեսակետներ հնչեցին, որ կառավարության ծրագիրը պետք է կարճաժամկետ լինի, սակայն կառավարությունն այդ ճանապարհով չի գնացել, քանի որ այն ուժը, որ ձեւավորվել է ԱԺ-ում, գործելու է հինգ տարի եւ հենց այդ ուժի քաղաքականությունն է ներկայացնում կառավարությունը:
Տիգրան սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում այդ ծրագրի ուղղությամբ, որով նախատեսվում է տարեկան հինսուն հազար համակարգիչ ձեռք բերել:
Վարչապետի տեղեկացմամբ, բանակցություններ են սկսվել “Ինտել” ընկերության հետ, որը մասնագիտանում է հենց կրթական ծրագրում: “Հուշագիր ենք ստորագրելու` ՀՀ տարածաշրջանային կենտրոն ստեղծելու: Ենթադրում ենք, որ կարող ենք ստեղծել համակարգիչների հավաքման մի ձեռնարկություն, որը ի վիճակի կլինի մեզ մատակարարել այդպիսի համակարգիչներ”,-ասաց Տիգրան Սարգսյանը:
“Ինտելի” հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են: Եթե “Ինտել” ընկերությունը հրաժարվի համակարգիչների հավաքման ձեռնարկություն հիմնել, կառավարությունը միջազգային մրցույթ կիրականացնի: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ խորհրդարանը հնարավորություն կունենա վերահսկողություն իրականացնել այդ ծրագրի նկատմամբ: