Մարդկանց քանակը դեռևս չի նշանակում միջոցների անհնարինություն. Կոստանյան
Իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ, որովհետև բոլոր այն գործողությունները, որ ձեռնարկվում են իշխանության կողմից, հենց իրավիճակին համարժեք քայլեր են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով այն հարցին, թե ՀՀ իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, ՀՀԿ-ն ադեկվատ պատկերացում ունեն՞, թե ինչ է կատարվում Հայաստանի փողոցներում:
«Մարդկանց քանակը դեռևս չի նշանակում միջոցների անհնարինություն: Չասենք իշխանության կողմից, պետության կողմից, որովհետև դա պետական խնդիր է, այստեղ իշխանություն կամ ընդդիմություն կամ ինչ-որ քաղաքական կոնտեքստ ես չեմ կարող քննարկել, ես կարող եմ քննարկել, թե արդյոք պետությունն ունի՞ բավարար ռեսուրսներ պաշտպանելու հանրային շահերը:
Այո, պետությունն ունի բոլոր ռեսուրսները հասարակական կարգը պաշտպանելու համար, սահմանադրական կարգը պաշտպանելու համար»,- ասել է Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե ումի՞ց պաշտպանելու, հարյուր հազարավոր մարդկանցի՞ց, պատգամավորը պատասխանել է. «Հասարակական կարգի պաշտպանությունը պետության պարտականությունն է, որը պետությունն ունի անկախ իրավիճակից, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով է ընդդիմություն: Վաղը, օրինակ, կամ երբևէ, որ որևէ ընդդիմություն դառնա իշխանություն, ինքն էլ է պարտավոր հասարակական կարգը պահպանել: Եվ պետությունն ունի այսօր պարտավորություն՝ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու՝ թե´ ցուցարարների, թե´ ցուցարար չհամարվող քաղաքացիների»: